Tert.am-ը գրում է․

12-ամյա կրթություն, Բոլոնյան գործընթաց, եվրոպական կրթական տարածք. սրանք Հայաստանի համար անբեկանելի, անշրջելի կրթական բարեփոխումներ են և իրողություն, որի հաջողություններով Հայաստանը պատրաստ է կիսվել նաև այլ երկրների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ի պատասխան հարցի, թե եթե օրինակ՝ ՌԴ-ն ու Բելառուսն ունեն 11-ամյա կրթություն, մենք՝ 12, ապա ինչ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում ԵՏՄ-ի կրթական ինտեգրացիայի պարագայում: Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների պատմության ուսուցմանը, ապա նախարարը կարծում է, որ, եթե նման նախագծի լինի, ապա այստեղ մենք, միանշանակ, կշահեինք, որովհետև, օրինակ՝ Հայոց ցեղասպանության մասին դաս կարող է լինել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տասմիլիոնանոց հանրակրթությունում։

-Պարո՛ն Աշոտյան ամենաուշը 1,5 տարվա ընթացքում ԱԺ վավերացման կբերվի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, և քանի որ ԱԺ-ում ունեք մեծամասնություն, եթե ֆորսմաժորներ տեղի չունենան, կարելի է համարել, որ ԵՏՄ-ին կմիանանք: Կրթական ոլորտում ի՞նչ է նախատեսվում Եվրասիական տնտեսական միությանը կրթական մակարդակում ինտեգրվելու առումով:

-Եվրասիական տնտեսական միությունն այս պահի դրությամբ չունի առանձին կրթական ունիկալ նախագիծ: Քանի որ աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների մատուցման հարցն արդիական է նաև ԵՏՄ անդամ երկրներում, հատկապես աշխատանքային միգրացիայի առկայության պարագայում, ամենակարևոր խնդիրը, որն այս պահի դրությամբ բարձրանում է, կրթության մասին վկայող պետական փաստաթղթերի՝ դիպլոմների և ատեստատների փոխադարձ ճանաչման խնդիրն է: Այս տեսակետից խնդիրը ունի նաև մեկ առանձին՝ երկկողմանի հարթություն, որտեղ Հայաստանը մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ունի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր, ԱՊՀ ձևաչափով նույնպես նման իրավական ակտ կա. փաստացի այսօր էլ Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են պետական նմուշի համապատասխան կրթական փաստաթղթերը: Նմանատիպ, բայց ավելի արագացված ճանաչված ռեժիմ ենթադրվում է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն իր հետագա զարգացումների մեջ չի կարող շրջանցել նաև ընդհանուր կրթական նախագծերը, որովհետև եթե մենք խոսում ենք ընդհանուր տնտեսության մասին, ապա ընդհանուր մոտեցումը ենթադրում է նաև ընդհանուր աշխատաշուկա: Իսկ ընդհանուր աշխատաշուկան առանց ընդհանուր կրթական նախագծի անհնար է պատկերացնել: Նախագծի, որը պետք է սպասարկի անդամ երկրների տնտեսական շահերը, նախևառաջ: Հիշեցնեմ, որ նույն Բոլոնիայի գործընթացը որպես այդպիսին հետևանք էր Եվրոպայում՝ ԵՄ անդամ երկրների շրջանակներում և, առհասարակ, Եվրոպայում միասնական տնտեսական տարածքի ստեղծման: Ակնհայտ է նաև, որ Հայաստան այս տարիների ընթացքում հսկայական առաջընթաց է ապրել իր ինստիտուցիոնալ բարեփոխումներով և հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում եվրոպական կրթական տարածքի, մասնավորապես, եվրոպական բարձրագույն կրթական տարածքի, բաղկացուցիչ մասն ենք: Ավելին՝ 2012 թվականից Բոլոնիայի քարտուղար երկիրն ենք, ավելին՝ 2015-ին Երևանում հյուրընկալելու ենք եվրոպական կրթական բարձրագույն տարածքի նախարարական գագաթնաժողովը: Ես կարծում եմ՝ առաջին՝ ԵՏՄ-ն անխուսափելիորեն բերելու է նաև ընդհանուր կրթական նախագծերի: Եվ երկրորդ՝ նախագծերը խարսխված են լինելու, այդուհանդերձ, եվրոպական չափորոշիչների լավագույն փորձի վրա, որովհետև Ռուսաստանը և Ղազախստանը հանդիսանում են Բոլոնիայի անդամ երկրներ, իսկ Բելառուսը մեծ ցանկություն ունի դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ: Մեր բոլոր նախագծերը և քայլերը պետք է միանշանակորեն տեղավորվեն այն կրթական տարածքի տրամաբանության մեջ, որի մաս է նաև Հայաստանը: Խոսքը եվրոպական կրթական տարածքի մասին է: Եվ պետք է հստակ ընդգծեմ, որ անհրաժեշտ է տարանջատել ԵՄ-ականը՝ եվրամիութենականը եվրոպականից, որովհետև Բոլոնիայի համաձայնագրի երկրներից 28 –ը ԵՄ անդամ են, իսկ 19-ը՝ ԵՄ անդամ չեն, բայց բոլորը միասին կազմում են եվրոպական կրթական տարածք: Ակնհայտ է նաև, որ մենք պատրաստ ենք, ինստիտուցիոնալ բարեփոխումներում մեր կուտակած փորձը կիսել մեր գործընկերների հետ՝ ԵՏՄ անդամ երկրների հետ: Օրինակ՝ Բելառուսի կողմից կա մեծ հետաքրքրություն, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում մեր իրականացրած քայլերի քաղաքականության հանդեպ: Այս տեսակետից ուզում եմ շեշտել, որ մենք նաև ունենք ունիկալ կրթական համակարգ այն առումով, որ այն 12-ամյա է: Եվ մենք , այս պահի դրությամբ, միակ ԵՏՄ անդամ երկիրն ենք դառնում, որ ունի նման համակարգ: Ռուսաստանը և Բելառուսն ունեն 11-ամյա հանրակրթական համակարգ, Ղազախստանը՝ նոր է պատրաստվում անցնել 12-ամյայի:

Մենք պատրաստ չենք նահանջելու մեր արդեն ունեցած նվաճումներից, բարեփոխումները, ապագա ԵՄ պրոյեկտները պետք է լինեն ընդհանուր կրթական նվաճումների և եվրոպական կրթական տարածքում մեր լինելուն չհակասող պրոյեկտներ: Էլ ավելի խորը ինտեգրացիա, էլ ավելի հեշտ ռեժիմ ՝ դիպլոմների ճանաչման, ես օրինակ՝ չեմ բացառում, կարելի է հանդես գալ ԵՏՄ-ի տարածքում ուսանողների փոխանակման ու մոբիլության նախաձեռնությամբ, դասախոսական կազմերի փոխանակման, միջբուհական համագործակցության նախագծեր կամ համատեղ կրթական ծրագրերի իրականացում: Կամ ԵՏՄ անդամ բուհերի ընդհանրական վարկանիշ:

-Սա հասկանալի է, այսուհանդերձ, կարելի՞ է Ձեր ասածից ենթադրել որ իրենք պետք է մեզ հարմարացնեն մեր կրթական համակարգը, օրինակ՝ եթե Ռուսաստանը կամ Բելառուսն ունեն 11-ամյա, հանրակրթություն , իրենք պետք է ինտեգրվեն-հարմարվեն մեզ:

-Նման խնդիր դրված չէ, որովհետև այսօր էլ մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց կրթական վկայականները: Մենք ճանաչում ենք Ռուսաստանի 11-ամյա վկայականը, Ռուսաստանը՝ մեր 12-ամյան։

-Այսինքն՝ հնարավոր է, որ թողնվի այնպես , ինչպես կա ու...

-Մենք հետ չենք գնալու: Մեզ համար 12-ամյա կրթական համակարգը որոշված համակարգ է, որին մենք տասներկու տարի է՝ գնում ենք:

-Մենք ունե՞նք այդքան անկախություն, որ դա անենք, որովհետև, օրինակ՝ շատ է խոսվում, որ….

-Կարծում եմ՝ անիմաստ է քաղաքականացնել կրթական ոլորտը: Մենք ունենք բավականաչափ անկախություն, որպեսզի այն ոլորտներում, որտեղ ունենք սեփական ազգային շահ, այդ շահը առաջ մղենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել