Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի՛ քաղաքապետ, այն, որ ամեն տարի ահռելի գումարներ են ծախսվում Երևանի տոնն ամենայն ճոխությամբ նշելու համար, նորություն չէ: Սակայն ամենևին դրա մասին չէ, որ ուզում եմ արտահայտել մտահոգությունս: Երևանյան միջոցառումները գուցե 2 օրով թեթևացրին երևանցու հոգսը: Ոմանց համար այն դարձավ ուրախանալու և վայելելու, ոմանց համար՝ գումար ՎԱՍՏԱԿԵԼՈՒ (ինչն արժանի է իմ խորին հարգանքին) օր, իսկ ոմանք էլ ուղղակի օգտվեցին քաղաքի մարդաշատ դրությունից և ամենայն պատասխանատվությամբ փչացրին այն ողջ տպավորությունը, որը քաղաքապետարանը փորձում է ամեն կերպ թաքցնել՝ գեղեցիկ դեկորացիաների շղարշ փռելով մեր ժողովրդի ծանր սոցիալական դրության վրա: Խոսքս մուրացկանների մասին է: Սակայն ժողովրդի համար սոցիալական ապահովության պահանջով չէ, որ Ձեզ դիմում եմ, դա Ձեր իրավասությունների մեջ չի մտնում: Այն, որ մեր պետությունը թերանում է իր սոցիալական գործառույթի սահմանադրական պարտականությունը կատարելիս, դա էլ նորություն չէ:
Սակայն ցավով պետք է նշեմ, որ, իմ խորը համոզմամբ, մուրացկանության հիմնական դրդապատճառը սոցիալական ծանր դրությունը չէ: Մուրացկանությունը հոգեբանություն է, արժանապատվության բացակայություն: Սակայն նրանց փոխարեն ամաչում է այն քաղաքացին, ով զբոսնում է իր օտարերկրացի հյուրի հետ, և հանկարծ մոտենում են մարդիկ ու գումար խնդրում՝ գործի դնելով օտար լեզուների իրենց ողջ իմացությունը: 
Իմ վրա հատկապես ազդում է երեխաների և տարեց մարդկանց մուրացկանությունը: Ըստ իմ ուսումնասիրությունների՝ որոշակի հասարակական կազմակերպություններ զբաղվում են երեխաների մուրացկանությունը կանխարգելող միջոցառումներով: Թե որքանով է այն հաջողվում, չեմ կարող գնահատական տալ, քանզի հասարակական կազմակերպությունը չի կրում որևէ պարտականություն և իր գործունեությունը ծավալում է կամավորական սկզբունքով: Երեխայի իրավունքները պաշտպանելը պետության գործն է, իսկ մտահոգ քաղաքացիները կարող են ինչ-որ բան փոխել՝ թեկուզ պետական այրերին իրենց մտահոգությունը հայտնելով: Սակայն փաստը մնում է փաստ, որ բազում երեխաներ այսօր զոհ են դառնում իրենց ծնողների մուրացիկի հոգեբանությանը: 
Անցնենք ծերերի խնդրին. ինձ հատկապես մի հարց է հետաքրքրում. ԻՆՉՈՒ՞ պետությունը չի ձեռնարկում միջոցներ անտուն ծեր մարդկանց ապաստան տալու որոշակի ծերանոցներում և ինտերնատներում: Մի՞թե տոնակատարությունների վրա այդքան ահռելի գումարներ ծախսող պետությունը ի վիճակի չէ օրական հացով ապահովել գոնե անօգնական և անտեր մնացած տարեցներին: 
Ինչու եմ հենց Ձե՞զ ուղղում այս հարցը։ Քանզի եթե Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարությանը չի հուզում տարեց մարդկանց ծայրահեղ աղքատության խնդիրը, ապա Երևանի քաղաքապետարանին պետք է հուզի ԳՈՆԵ մեր քաղաքի մասին լավ տպավորություն թողնելու հարցը՝ ԳՈՆԵ արտասահմանցիների մոտ: 
Ամենայն ցավով եմ անդրադառնում այս հարցին և խնդրում եմ որոշակի լուծում տալ: Ես ինքս չեմ կարող անտարբեր անցնել նման մարդկանց կողքով, ցավոք, չեմ էլ կարող սեփական ֆինանսական միջոցներով նրանց ապաստանի հարցը լուծել: Համենայն դեպս, եթե տիրապետեի ահռելի գումարների, իմ գործը ևս մի հերթական եկեղեցի կառուցելը չէր լինի, այլ կլիներ իմ երկրի քաղաքացու համար գոնե սեփական տանիք և օրվա հաց ապահովելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել