Վերջին շրջանում արծարծվեցին Հայաստանի մի քանի մարզպետների անուններ, որոնք այս կամ այն կերպ խառնված էին պետական պաշտոնյային ոչ հարիր տարբեր «գործերում»։
Վերոնշյալ մարզպետների շարքին է պատկանում նաև Սյունիքի վերջերս վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը /Լիսկա/, որը Սյունիքի մարզում ձեռք է բերել անպարտելիի համբավ։
Նրա անունը արծարծվել էր Երևանի հյուրանոցներից մեկի նախասրահում գործարար Սիլվա Հակոբյանին հարվածելու և չպատժվելու դեպքի առթիվ, որի տեսահոլովակը հայտնվել էր youtube-ում, ինչպես նաև մեկ տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց և ողբերգական դեպքերի հետ կապված, որի արդյունքում զոհվեց Արցախյան հերոսամարտի մասնակից Ավետիք Բուդաղյանը և ծանր վիրավորվեց նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը։ 
Սակայն, ինչպես տեսնում ենք, Սուրիկ Խաչատրյանը նորից վերանշանակվել է Սյունիքի մարզպետ։ 
Համայնքի ղեկավարը, մարզպետը և մնացած բոլոր պաշտոնյաները պետք է օրինականության օրինակը լինեն և իրենց տրված լիազորությունների շրջանակում սանձեն բոլոր տեսակի օրինազանցությունները, ոչ թե իրենց վարքագծով ևս մեկ անգամ ընդգծեն իրենց անպարտելիությունը և խթանեն անօրինական երևույթները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել