Այսօր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ հերթական սկանդալը՝ դարձյալ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ: Ես միշտ կողմ եմ եղել քաղաքական բազմակարծությանը, այլակարծությանը, մտածել եմ, որ ցանկացած քաղաքացի, առավել ևս՝ ժողովրդի մանդատով օժտված պատգամավորը կարծիք հայտնելու, փաստարկված քննադատելու իրավունք ունի: Սակայն երբ պատգամավորը, քաղաքական գործիչը չեն գնահատում իրենց կարգավիճակը, հասարակական դիրքը, նրանց վարքագիծն արդեն որևէ կապ չունի ոչ պառլամենտարիզմի, ոչ դեմոկրատիայի ու ոչ էլ՝ այլակարծության հետ: Սերժ Սարգսանը, նրա իշխանությունը բազմաթիվ խոցելի տեղեր ունեն, նրանց կարելի է քննադատել փաստարկված ու հիմնավոր: Ասեմ ավելին, նման իշխանությունն՝ իր պոտենցիալով, արժեհամակարգով, մենթալիտետով, չի կարող նպաստել երկր զարգացմանը, չեզոքացնել այն մարտահրավերները, որ կանգնած են երկրի առջև: Այդ մասին ասել ու գրել եմ նաև ես, ասել են շատերը, սակայն առնվազն դատապարտելի է, երբ իրեն քաղաքական գործիչ համարողը սեփական երկրի թեկուզ մերժված նախագահին օտար ամբիոնից ղումարբազության մեջ է մեղադրում: Այսօր նույն այդ պատգամավորն իրեն դրել էր դատավորի կարգավիճակում ու ԱԺ ամբիոնից «բեմադրում» էր Սերժ Սարգսյանի «դատավճիռը»՝ արժեզրկելով թե իրեն, թե խորհրդարանը ու թե դատական համակարգը: Ժամանակն է Զարուհուն հիշեցնել, ասել, որ խորհրդարանը կրկես չէ, ընդդիմություն լինելը տարբեր է կլոունադայից: Շահարկումներից խուսափելու համար ասեմ, կրկնեմ, որ ես Սերժ Սարգսյանի կոմնակիցը չեմ, նրա իշխանության համակիրը չեմ, բայց նույնիսկ ամենավատ իշխանությունը գերադասում են ցածրաճաշակ կրկեսից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել