Համարձակ, գեղեցիկ, հաջողակ… ու մշտապես քնի կարոտ Cosmo.am-ը գրում է․

Այս բիզնես լեդիները կարողանում են ամեն ինչ. նրանք հաջողում են աշխատանքային հարաբերություններում, մշտապես խնամված են ու գեղեցիկ, պարտաճանաչ ու հոգատար ընկեր են, բարեկամ, դուստր կամ ամուսին: Նրանք հասցնում են ամեն ինչ... բացի քնելուց:

Անցել են այն ժամանակները, երբ խորհրդային «Служебный роман»-ի սցենարի ֆոնին բիզնես լեդին անխնամ արտաքինով ու խիստ չոր բնավորությամբ կին է, ով ապրում է բացառապես աշխատանքով: Այսօր ընկերությունների թոփ մենեջերների աշխատանքային պայմանագրերում առանձին կետ է ներառվածպահվածքի, արտաքինի և հանրային կյանքին մասնակցության պայմանների մասին:

Քո արտաքինը, համապատասխան «դասակարգի» և «մշակույթի» հագուստը, աշխատաժամից հետո հանրային վայրերում երևալու աշխատանքային անհրաժեշտությունը, ներանձնային հարաբերությունները, որոնք թեկուզ ցածրաձայն, բայց պարտադիր քննարկվում են աշխատակազմի շրջանում, քո տեղեկացվածությունը, տեխնոլոգիական ու iPhone, iPad-ային տենդենցներին հետևելու մասնագիտական պահանջը, Linkedin-ում ու  Facebook-ում, այլ սոցիալական ցանցերում պատշաճ էջը… գժվել միայն կարելի է ֆիքսված, բայց ոչ սահմանափակ պատասխանատվությունների այս անվերջ ցանկից… Սակայն Cosmo-ն այսպես արագ չի հանձնվում :-)

Մի ամբողջ օժիտ` բոլոր դեպքերին պատրաստ լինելու համար

Մարիամը հանրային կապերի մասնագետ է: Ահա ինչ է պատմում նա իր աշխատանքային առօրյայից. «Աշխատանքս սկսվում է վաղ առավոտյան, ինչի համար հագնում եմ հարմարավետ կոշիկ, որը, սակայն, պիտի համապատասխանի աշխատանքային ու կանացի հագուստիս: Lunch-ի ժամին  հանդիպումներ եմ ունենում, որոնց ժամանակ կոշիկս ցածր հարմարավետից անցում է կատարում դեպի բարձրակրունկի»: Մարիամը նշում է, որ իր խիստ գրաֆիկից անգամ 5 րոպե շեղվելու դեպքում ամբողջ օրը խառնվում է:

«Երեկոյան ամբողջությամբ զգեստափոխվում եմ, գրասենյակում, իհարկե: Ժամանակ չկա տուն գալու: Դե իսկաշխատանքի բերումով համարյա ամեն երեկո ստիպված եմ լինում մասնակցել հանրային որևէ միջոցառման` պաշտոնական ընթրիք, հանդիպում, կորպորատիվ երեկույթ, համերգ, ցուցահանդես… Արդյունքում՝ վաղ առավոտյան տնից դուրս եմ գալիս՝ մի ամբողջ օժիտի չափ պատրաստություն տեսած և միայն ուշ երեկոյան տունվերադառնալով` մինչև գիշերվա ժամը 3-ն արթուն մնում` հաջորդ օրվա օժիտս դարսելով: Ու այսպես անընդհատ»,- պատմում է Մարիամը:

Կհաջողես, եթե խնամված ես, գիտելիքով զինված ու… նշանված կամ ամուսնացած

Գայանեն դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Պատմելով իր սիրելի աշխատանքի մասին՝ նա միայն նշում է, որ չափազանց մեծ ջանքեր են պահանջվում առաջընթացի համար:

«Դասախոսությունների ժամանակ ուսանողներն ուղղակիորեն և առանց հայացքը թաքցնելու հետևում են արտաքինիս ամեն մի մանրուքին: Իրենք` ուսանողուհիները, անթերի խնամված են ներկայանում դասերին, ու որպեսզի ես «հեղինակություն» մնամ նրանց աչքերում, աշխատում եմ, երկար ժամանակ ծախսում արտաքինիս վրա` անթերի պեդիկյուրից մինչև խնամված մազեր: Ու սա դեռ ամենը չէ: Ես նաև պիտի մի քայլ առաջ լինեմ, պիտի կանխատեսեմ ուսանողներիս հնարավոր հարցերի պատասխանները. չէ՞ որ ինտերնետ կա, նրանք փնտրում ու այնպիսի փաստեր են գտնում, որոնցից տեղյակ չլինելը կատարյալ ձախողում կնշանակի»,- պատմում է Գայանեն, ապա ավելացնում. «Երկար ժամանակ ամբիոնից ֆինանսավորում էի խնդրում մասնագիտական գրքի հրատարակման համար, և դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ նշանվեցի, ու երբ ֆակուլտետի դեկանը հավաքույթի հրավիրեց իրենց տուն, իհարկե՝ արդեն նշանածիս հետ: Պարզվեց՝ դասախոսական կազմը մշտապես այդպիսի հավաքույթներ էր ունենում. ֆակուլտետի կարևոր որոշումներն այնտեղ էին կայացվում, ու այնտեղ բոլորը զույգերով էին գալիս: Սիրելիիս գտնելը լավ էր, սակայն «պարտականություններիս ցանկը» նորից ավելացավ: Էլի քնելու ժամանակ չկա»:

Երբ քո կանոնները խստորեն տարածվում են նաև քեզ վրա

Շաքեն գեղեցկության սրահի սեփականատեր է: Նա իր կարիերան սկսել է վարսահարդարումից և իր` մշտապես հարդարված մազերը գրավել են հաճախորդներին ու աշխատանքի որակի մասին վստահություն ներշնչել:

«Ամեն ինչ կրկնակի բարդացավ սրահը բացելուց հետո: Հիմա ես անթերի գեղեցիկ պիտի լինեի ոչ միայն հաճախորդների, այլև աշխատակիցների համար: Ամռան ամիսներին դժվար էր նրանց համոզել, որ հարդարված մազերով ու շպարով ներկայանան աշխատանքի: Ես տեղեկացրեցի նրանց, որ խնամված արտաքինը մեր սրահում աշխատելու պահանջն է, և, բնականաբար, կանոնին առաջին հետևողը ես պիտի լինեի: Իսկ ես փոքրիկ ունեմ, ով «պարտաճանաչ կերպով» խառնում է մազերս ու շոկոլադ քսում հագուստիս: Արդյունքում՝ ամեն ընդմիջմանը՝ օրական երկու անգամ, մազերս հարդարում եմ ու զգեստափոխվում: Դաժան է :-)»,- պատմում է Շաքեն, ապա ավելացնում, որ իր «զոհողություններն» ուղիղ համեմատական են սրահի այցելուներիավելանալուն. չէ՞ որ բոլորը գիտեն` այստեղ խնամված կանայք են աշխատում ու լավագույնս օգնում իրենց հաճախորդներին:

Իրենք իրենց են պարտական հաջողությունների համար

Հնարավոր է` հաջողելու, ներդաշնակ ու երջանիկ լինելու բոլոր ուղեցույցները մեր բիզնես լեդիներին խորհուրդ կտային այցելել հոգեբանի կամ յոգայի դասերի գնալ, բայց… Հարցրու այս կանանց, խոսիր քո ոլորտի հաջողակ բիզնես լեդիների հետ. նրանք շատ ավելի լավ գիտեն քաղաքում գտնվող յոգայի դասընթացների կենտրոնների հասցեները: Նրանք կարող են Cosmo-ի` կարիերային ու գայթակղելու արվեստին վերաբերող բոլոր հոդվածները վերապատմել: Ավելին՝ մի ամբողջ դիսերտացիա կգրեն սեփական հոգեբանական նկարագրի վերաբերյալ, եթե միայն մեկ րոպե ազատ ժամանակ ունենան:

Այս կանայք իրենք իրենց ու իրենց գիտելիքներին, աշխատասիրությանն են պարտական իրենց հաջողությունների համար: Նրանք բավականաչափ խելացի են` հասկանալու, որ հաջող բանակցության և իրենց ապրանքին նոր խոշոր գնորդ գտնելու համար հանդիպմանը միայն լավ կազմված առաջարկի պորտֆելը հերիք չէ: Այստեղ գերակշիռ դեր կարող է ունենալ քո թիրախի նախասիրությունների մասին լրացուցիչ ինֆորմացիան, և իհարկե… քո կանացի կոկետությունն ու լայն դեկոլտեն:

Այնուամենայնիվ, լարվածությունը թուլացնելու և վերջապես մի քիչ քնելու տարբերակներ Cosmo-ն գտել է քեզ համար: Տարբերակները կազմվել են ըստ Furtune-ի «Աշխարհի 50 ամենաբարձր վարձատրվող կանայք» ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցնողների կյանքի և աշխատանքի մասին դիտարկումների:

Ոչ ոք չի կասկածում չէ՞, որ Pepsi ընկերության գործադիր տնօրեն և PepsiCo շշալցնողների տնօրինության նախագահ Ինդրա Նույին հաջողում է բոլոր բնագավառներում: Տարեկան 14.9 միլիոն դոլար վաստակող այս կինը բավականաչափ ժամանակ է գտնում՝ ամուսնու և երկու դուստրերի հետ անցկացնելու համար, ավելին՝ նա ժամանակ ունի ինքն իր համար: Այսպես նաև՝ Bank of America-ի նախագահ Բարբարա Դեսոերերը,Procter&Gamble-ի գործադիր տնօրեն Սյուսան Առնոլդը, Johnson&Johnson-ի միջազգային արտադրությունների նախագահ Քրիստիան Փունը և ուրիշ այլ գեղեցիկ ու հաջողակ կանայք:

● «Մեկուսացած» հանգիստ` թռիչքային ռեժիմով

Բիզնես լեդիների աշխատանքում ամենից հոգնեցուցիչն անընդհատ կապի մեջ լինելն ու աշխատանքներնանընդհատ վերահսկելն է: Նրանք խոստովանում են, որ հանգստյան օրերին (եթե այդպիսիք լինում են) երբեմն ստիպված են լինում շտապ ներկայանալ աշխատավայր, որովհետև չնախատեսված իրավիճակներ են ծագում: Չհաշված, որ աշխատանքի են ներկայանում առաջինը ու գրասենյակից դուրս են գալիս վերջին աշխատակցից հետո:

Ուրեմն, երբ գալիս է հանգստյան օրը, վերցնում ու անջատում կամ «թռիչքային» ռեժիմի ենք դնում հեռախոսը: Կարիք չկա նշելու չէ՞, որ բջջայինիդ անհասանելի ռեժիմը թռիչքային տրամադրություն է ապահովում: Ի վերջո, եթե իրոք որևէ լուրջ բան տեղի ունենա, քեզ անպայման կգտնեն, կասկած չկա, իսկ ահա ընթացիկ մանրուքների դեպքում չեն անհանգստացնի:

● Անկողնային անգործություն

Սովորաբար բիզնես լեդիները հանգստյան օրերին իրենց պլաններն ունեն, լինի դա մասնակցություն երեկույթին, թե բարեկամական հավաք: Այսպիսով՝ դու տնից դուրս ես գալիս ամեն օր առանց բացառության` համապատասխանաբար ամեն օր աշխատելով ներկայանալի արտաքին ունենալ: Մեր դիտարկմամբ սա չափազանց մեծ էներգիա է պահանջում ու մնացյալ այլ պատճառներին զուգահեռ բիզնես լեդիների սիստեմատիկ գերհոգնածությանը նպաստում է նաև այս հանգամանքը:

Ուրեմն լինի դա կիրակի, թե աշխատանքային օրերից որևէ մեկը, քեզ համար կանոն դարձրու մի ամբողջ օր տանը մնալն ու անկողնում, թե բազմոցին, պարզապես անգործությամբ զբաղվելը: Գրողը տանի, վերջապես կարդա այդ գիրքը, որը հաճույքի համար է և ոչ՝ անհրաժեշտություն: Փափուկ բամբակյա շապիկով ու առանց շպարի «սավառնիր» քո տան տարածքում, հյուրընկալիր հարազատ մարդկանց, արա ինչ սիրտդ է ուզում:

Ի վերջո «դրսի» հանդիպումները, անգամ ընկերների հետ, կարող ես կազմակերպել աշխատանքային օրերին, երբ միևնույն է արդեն դուրս ես եկել և հագուստդ ու շպարդ էլ տեղը-տեղին են: Թվում է՝ փոքր ու աննշան «տրյուկ», բայց կյանքդ դրանից զգալիորեն շահում է։ Ի դեպ, շահում է հենց աշխատանքդ, որովհետև «թայմ աութ»-ից հետո ավելի արդյունավետ ես աշխատում:

● «Տնավարի»  ծառայություններ

Բիզնես լեդիները պատմում են, որ դիմահարդարի կամ վարսահարդարի այցելելը, անգամ ֆիթնեսի,  լողավազան, սպա ու մերսման սրահ գնալը որոշակի պատրաստություն է պահանջում իրենցից: Վարսահարդարը կամ մերսողը անպայման հետևում են «մազակալությանդ» աստիճանին ու մեկ էլ հաջորդ օրն արդեն ամբողջ աշխատակազմը տեղյակ է՝ մարմնիդ որ հատվածում «աճի ինչ պրոգրես» է գրանցվել:

Ու որպեսզի տեսականորեն հանգիստ պարգևող, իսկ իրականում լրացուցիչ լարվածություն առաջացնող ծառայությունները մնան միայն այն ժամանակների համար, երբ իրոք ուզում ես աշխատակազմդ տեղյակ լինի քո կյանքի ինտիմ-հիգիենիկ վիճակին, քեզ համար «տնական» ծառայություններ մատուցող սրահներ գտիր: «Տնական» ասելով՝ այստեղ նկատի ունեմ, օրինակ, փոքրիկ վարսահարդարման սրահ, որտեղ մեկ կամ երկու վարսավիր է աշխատում, որը հեռու է քաղաքի կենտրոնից, և այնտեղ պատկերացում անգամ չունեն քո ով լինելումասին, կամ այնպիսի լողավազան, որտեղ հաճախորդները քիչ են, ու քո էպիլյացիան քննարկման թեմա չէ: Հավատա, այս տարբերակն իրոք օգնում է «ռելաքս»-ին:

● Քո «դիմանկարի» միայն մեկ կողմը

Մեր օրերում բիզնես լեդիներին հաջողվում է հավասարակշռություն պահպանել աշխատանքի ու անձնականկյանքի միջև, բայց Facebook-ը վերցնում ու ամեն ինչ ջուրն է գցում: Սոցիալական ցանցերի քո «դիմանկարը», պրոֆայլը կամ ակտիվությունը, անվանիր  ինչպես կուզես, պիտի դադարի «սուփրա» լինել Facebook-յան ընկերներիդ առաջ:

Եթե դու «ամոթի զոռու» ընդունում ես քո աշխատակիցների, կոլեգաների ու մրցակիցների առաջարկները, անգամ մեկ-մեկ էլ ուշի-ուշով ուսումնասիրում նրանց էջերը, այնուամենայնիվ, թող քո մասին «անձնական» ինֆորմացիան, նկարներն ու այլ բացահայտումները հասանելի լինեն միայն այն ժամանակ, երբ ինքդ ես ուզում: Մեկ էլ հանկարծ չպարզվի, որ նկարում քեզ անզգուշորեն «tag» արած ընկերդ քո աշխատակիցների առաջ բացահայտեց քո տնական «ես»-ը` «պիժամա փարթիին» մասնակցելիս: 

Facebook-ը ներկայումս նոր հնարավորություններ է ընձեռում օգտատերերին: Դու կարող ես դասակարգել քո ընկերներին ըստ հասանելիության տարբեր կատեգորիաների, հետևաբար, որևէ ինֆորմացիա կամ «տխուր եմ», «զայրացած եմ» ստատուսներ գրելիս կիմանաս` դա քո մրցակիցը կտեսնի, թե կարեկից բարեկամը: Գուցեաննշան բաներ են թվում, բայց հավատա, բիզնես ոլորտում ամեն մի մանրուք մեծ նշանակություն ունի:

Հ.Գ. Ես հավատում եմ, որ դու շարունակելու ես հաջողել քո ձեռնարկած բոլոր գործերում: Միայն հիշիր ամենակարևորը. հոգա քո մասին, ինչպես հոգում ես քո բիզնեսի մասին (իսկ բիզնեսիդ մասին, համոզված եմ, լավ ես հոգում): Բիզնեսում քո «շուկայական արժեքը» կախված է ոչ միայն մասնագիտական պատրաստվածությունից, այլև քո առողջությունից: Ուրեմն հենց հիմա «մարշ» քնելու :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել