Ցանկացած առողջ հասարակություն հիմնված է երեք հիմնական սյուների վրա՝ զինվորականություն, բժշկություն և գիտություն (սրա մեջ պետք է ներառել ինչպես հենց գիտնականներին ու գիտաշխատողներին, այնպես էլ ուսուցիչներին)։

Հենց սրանք են իրական ստեղծարար դասը ու իրական ինտելիգենցիան։ Իհարկե, սա չի նշանակում, որ օրինակ այլ մասնագիտացումների ներկայացուցիչները չեն կարող պատկանել այդ դասին ու համարվել ինտելիգենցիա, բայց այս երեք ճյուղերը առանցքայինն են։

Զինվորականության ու սպայական կորպուսի հիմնական գործառույթը հասկանալի է, որ երկրի պաշտպանությունն է՝ արաքին թշնամուց։ Բայց մենակ բանակով չէ սահմանափակվում այս դասը, սրա մեջ մտնում են նաև այլ ուժայինները, ովքեր ներքին թշնամուց են պաշտպանում։ Իդեալում, սպան բացի զինվորական մասնագիտական գիտելիքներից ու հմտություններից, նաև բազմակողմանի զարգացած մարդ է ու դարերի ընթացքում կուտակված բարոյականության, ուժի, արդարության ու առաջնորդության մոդել է։ Եթե տվյալ հասարակությունը չունի սպայական կորպուս, բանակ, կամ էլ ունի ոչ թե բանակ, այլ զինված բանդա, ապա այդ հասարակությունը չի կարող կենսունակ լինել ու սկսվում է դրա դեգրադացիան։

Բժշկության հիմնական գործառույթը ոչ թե պարզապես մարդկանց բուժելն է, այլ ընթացիկ ներկայում հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելն է առկա ու նոր սերունդների համար, որը բացի զուտ ֆիզիկական առողջոթյունից, նաև բնակչության բնական աճի գլխավոր գրավականներից է։ Նորություն չեմ ասի, եթե հերթական անգամ կրկնեմ, որ բժշկությունը ամենահումանիստական մասնագիտություններից մեկն է ու եթե նայենք համաշխարհային փորձին, ապա ուժեղ հասարակություններում բժիշկները միշտ հարգված ու արժևորված են՝ անկախ տվյալ տնտեսության զարգացվածության աստիճանից։

Դե գիտությունն էլ ցանկացած հասրակության ապագան է կերտում, որովհետև եթե չկա գիտական մտքի համար նպաստավոր միջաայր, եթե չկա կրթական ադեկվատ համակարգ, այդ հասարակությունը չի կարող ուժեղ մնալ և սերնդեսերունդ դեգրադացման է դատապարտված։ Ուսուցիչները, դասախոսները, ինժեներները, գիտնականները... սա մեկ ամբողջական համակարգի տարբեր մասնիկներն են, ովքեր ներկա ու ապագա սերունդների համար կերտում են վաղվա օրը։ Ի դեպ, այսդասին որոշակի առումով կարելի է նաև դասել մշակույթի ներկայացուցիչներին, որովհետև նյութական բարիքներն ու գիտությունը ոչինչ են՝ եթե համեմված չեն գեղեցիկի, բարու, լավի ու այլ մետաֆիզիկական մեծությունների մասին պատերացումներով։

Հիմա նայենք Հայաստանին. 23 տարվա ընթացքում մենք շատ բարեհաջող բռնեցինք ու գրեթե հիմնահատակ ավիրեցինք գիտությունը, կրթությունն՝ արդեն խռխռում է, բժշկությունում վիճակը կոճակ է և ղասաբների տեսակարար կշիռը առողջապահության համակարգում էականորեն գերազանցում է ազնիվ մարդկանց տեսակարար կշռին։ Միակ օղակը, որտեղ գոնե ինչ որ հուսադրող բան կա, դա զինվորականությունն է ու հատկապես բանակը, որտեղ գոնե ինչ որ դրական տեղաշարժեր կան, բայց ստացվում է, որ մեր հասարակության 3 հիմնական սյուներից երկուսը կարելի է ասել քանդված են, մեկն էլ առնվազն խարխուլ է, թեև որոշակի ամրացման աշխատանքներ տարվում են։

Դա կատաստրոֆիկ քիչ է։ Բանակն ու զինվորականությունը ինչքան էլ լինեն, չեն կարող իրենց ուսերի վրա ողջ այն բեռը տանել, որը բաշխված է 3 սյուների վրա և այդ ծանրության տակ պարզապես կփլուզվեն և դա զուտ ժամանակի հարց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել