Չամպա անունով երեք տարեկան ասիական արջին վերջերս բարեհաջող վիրահատել են՝ ուղեղի մեջ կուտակված ջուրը հեռացնելու համար։ Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ արջին նմանատիպ վիրահատության են ենթարկում։ Չամպան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Հյուսիսային Լաոսի արգելոցներից մեկում, որը ղեկավարվում էր «Free the Bears» (թարգմանաբար՝ ազատեք արջերին) բնապահպանական խմբի կողմից։ Այս ավստրալիական խումբը փորձում է պաշտպանել արջերին կենդանիների ապօրինի որսով ու վաճառքով զբաղվողներից։ Ասիական սև արջերին հիմնականում որսում են նրանց մաղձի համար. այդ մաղձը չինական և կորեական բժշկության մեջ օգտագործվող կարևոր տարրերից է։   

Այս արջին փրկեցին, երբ նա դեռ քոթոթ էր, սակայն Չամպային խնամողները շուտով նկատեցին, որ նա դուրս ցցված ճակատ ունի և դժվարությամբ է շփվում մյուս արջերի հետ։ Աստիճանաբար արջի աճը կանգ առավ, բայց նրա վարքը անկանխատեսելի դարձավ, և նրա տեսողությունը թուլացավ։ Անասնաբույժները ջրագլխություն (հիդրոցեֆալիա) ախտորոշեցին նրա մոտ։ Այս հիվանդության ժամանակ ուղեղում ջուր է կուտակվում։

This is the first bear to ever have brain surgery

Քանի որ բուդդայական ավանդույթի համաձայն արգելվում է կենդանիներին էվթանազիայի ենթարկել, արգելոցի աշխատակազմը դիմեց մասնագետ Ռոմեին Պիցցիին, որպեսզի վերջինս լապարասկոպիկ վիրահատություն կատարի։ Այս վիրահատության ժամանակ շատ փոքր անցք է բացվում և օգտագործվում է փոքր տեսախցիկ։  Չամպան ապահով ձեռքերում էր. Պիցցին նմանատիպ վիրահատությունների է ենթարկել այլ կենդանիների ևս, այդ թվում՝ փոկերի, հյուսիսային եղջերուների ու յագուարների։ Նախապատրաստական փուլում Պիցցին զրուցեց մանկական վիրաբույժների հետ, ուսումնասիրեց արջերի, ջրասամույրների ու աղվեսների գանգեր ու ուղեղներ։ Վիրահատությունը 6 ժամ տևեց։ Մի պահ բժշկական պոմպը կարճ միացում տվեց խոնավության բարձր մակարդակի պատճառով, սակայն Պիցցիին հաջողվեց լուծել այս խնդիրը։  

Վիրահատությունից կարճ ժամանակ անց Չամպան վերջապես կարողացավ բարձրացնել գլուխը և նայեց կենդանիների պատսպարանի աշխատակիցներին։ Աշխատակիցները կարծում են, որ արջի տեսողությունը ևս լավացել է, սակայն նրանք չեն կարող համոզված լինել դրանում։ Վիրահատությունից հետո արջի գլխացավերն անցել են, նա մի քիչ լցվել է և ավելի հեշտությամբ է սկսել շփվել այլ արջերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել