Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է այն զենքերի համարժեքները, որը վաճառում է Ադրբեջանին` ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը, զենք մատակարարելով և Հայաստանին, և Ադրբեջանին, փորձում է պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռությունը, որի շրջանակում վաճառում է զենք Ադրբեջանին բիզնես նկատառումներով, իսկ Հայաստանին՝ անվտանգության:
Ալեքսանդր Սկակովը բացահայտել է այն գործոնը, որի պատճառով Հայաստանը հայտնվեց ԵԱՏՄ-ում՝ դա ռեգիոնի մլիտարիզացիայի բարձր մակարդակն է:
Միլիտարիզացիայի բարձր մակարդակն էլ ապահովում է Ռուսաստանը, որի նախագահը կանչում է Հայաստանի ղեկավարին ու ասում է՝ եթե ուզում ես Ադրբեջանը քո նկատմամբ ռազմական գերակայություն չունենա, մտիր ԵԱՏՄ, այդ դեպքում մենք քեզ նույն զենքը կտանք էժան գներով:
Այս համատեքստում՝ Հայաստանի նախագահին այլ բան չի մնում, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները նույնը չեն ու Պուտինի առաջարկը մերժելու դեպքում՝ Հայաստանը կանգնելու է կորստաբեր պատերազմի վտանգի առջև:
Ալեքսանդր Սկակովն ասում է, թե Ռուսաստանը փորձում է պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռությունը:
Իսկ եթե, ասենք, վաղը Կրեմլն այս ռեգիոնում կորցնի արբիտրի, տարածաշրջանային առաջատարի իր կարգավիճակը, ապա մինչև ատամները զինված Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կանգնել ռեալ պատերազմի վերսկսման փաստի առաջ:
Ստացվում է, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, մեծ հաշվով, պատերազմ է նախապատրաստում՝ հավասարապես զինելով հակամարտ երկու կողմերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել