Citatum:                                              Я памятник себе воздвиг нерукотворный...

А.Пушкин

 
Հանրային ընկալման մասին

Վերջերս հանրային լայն քննարկման առարկա է դարձել խորհրդային շրջանի անվանի պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու՝ Երևանի ավագանու աղմկահարույց որոշումը:

Խնդրո առարկան հայազգի գործչի վիճահարույց ու ոչ միանշանակ առնչությունն է սովետական կայսրության կազմում գտնվող Հայաստանի և հայության խնդիրներին: Նշվում է Ղարաբաղը Սովետական Ադրբեջանին բռնակցելու 1921թ. Կովբյուրոյի տխրահռչակ որոշման կայացման գործում Միկոյանի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշման մասին: Հատուկ շեշտվում է նրա կողմից ստորագրված արդեն հայտնի պատմական փաստաթուղթը, որով աննախադեպ թվով ավելացվել էր 1937-38թթ. ստալինյան բռնաճնշումների տարիներին գնդակահարված հայերի թիվը: 

Այս վերջին փաստը առավել խոսուն և ազդեցիկ կերպով կանխորոշեց սովետական կուսակցական գործչի հանդեպ հանրության հակակրանքը: 

Եվ քանի որ մեր հասարակությանը հատուկ է ամեն ինչի անձնավորումը, կարծիքների ու դիրքորոշումների մեջ առավելապես զգայական ընկալումը և դրսևորումը, գործընթացը (նաև՝ Հայաստանի վերջին աշխարհաքաղաքական կողմնորոշումների ֆոնի վրա) պիտակվեց, որպես «անցյալի բարքերին ու արժեքներին վերադառնալու անթաքույց փորձ»: Արդյունքում հանրային բանավեճը ընդլայնվեց և տեղափոխվեց մարդկային-հումանիստական և քաղաքակրթական-արժեքային տիրույթ, ինչը բնական էր:

Իրականում արձանի դնել-չդնելը ունի ավելի մեծ ընդգրկում և բովանդակություն:

Մի կողմից այն վերաբերում է ոչ այնքան Միկոյանին, որքան սովետական անցյալից հանրության առավել ակտիվ ու բանիմաց մասի ձերբազատման ձգտմանը: Մյուս կողմից այն կապված է մեր պատմության ու պատմական անցքերի օբյեկտիվ ընկալման, իմաստավորման, վերաիմաստավորման ու վերարժևորման հետ, արդի քաղաքակրթական ու մարդակենտրոն պրիզմայով այս հարցերի դիտարկման հետ:

Այն, որ Միկոյանը մեծ տերության խոշոր քաղաքական ու պետական գործիչ էր և վիթխարի դեր է ունեցել համաշխարհային նորագույն պատմության մեջ, կասկած չկա: Եվ նրա արձանը, սկզբունքորեն, կարելի է կանգնեցնել առանց վերապահության աշխարհի բոլոր պետություններում՝ որպես  1962թ. Կարիբյան ճգնաժամը հարթողի, և, ըստ էության՝ երրորդ համաշխարհային (ասել է միջուկային!) պատերազմը կանխողի: Այս մասով՝ իհարկե: Բայց այստեղ հարցը միայն անձի, գործչի ունեցած արժեքավոր դերն ու նշանակությունը չէ:
Աշխարհում կան բռնակալների արձաններ ժողովրդավարական երկրներում, թագավորների ու կայսրերի արձաններ հանրապետություններում, կենդանիների, ձկների, սարքավորումների, նույնիսկ մարդու օրգանների, այդ թվում՝ վերարտադրողական (!) արձաններ:Հետևապես, խնդրը ոչ միայն արձանների բովանդակային որպիսիության, որքան՝ դրանց  հանդեպ ունեցած հանրային-հասարակական վերաբերմունքն է, առհասարակ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել