Հայ եկեղեցում ներկայիս որոշ եկեղեցականներ արտօնում են, որ Հայ եկեղեցուն ոչ դաւանակից (քաղկեդոնական) եկեղեցիների հաւատացեալները Սբ. Հաղորդութիւն ստանան նաեւ Հայ եկեղեցում, մինչդեռ Ուղղափառ (յոյն, ռուս, ղպտի եւն) եկեղեցիները (քաղկեդոնական եւ ոչ քաղկեդոնական) կտրականապէս մերժում են իրենց եկեղեցու դաւանանքը չունեցող անձանց Սբ. Հաղորդութիւն տալ:
Ոնց նայում ես, պարադոքս է ստացւում. եթէ բոլոր եկեղեցիներն էլ մի մարմին են ու տարբերութիւններ չկան, բա ինչո՞ւ են բաժանուած... Հայ եկեղեցին ինքն ընկնում է հակասութեան մէջ` մի կողմից քաղկեդոնականներին նզովելով (նզովել նշանակում է մերժելով կտրել-հեռացնել), իսկ միւս կողմից էլ նրանց Սբ. Հաղորդութիւն տալով: Սա անհեթեթութիւն է...Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովը նզովել է դեռեւս Դուինի 506 թուի ժողովով։ Կա՛մ պէտք է նզովքը վերցնի եւ Սբ. Հաղորդութիւն տայ քաղկեդոնական հաւատքը դաւանողներին (յոյն, ռուս, կաթողիկէ հաւատացեալներին)՝ ինքն էլ դաւանելով նոյն հաւատքը, կա՛մ էլ եթէ պահում է նզովքը, չի կարող իր կողմից նզովուածներին Սբ. Հաղորդութիւն տալ։ Ցաւօք, շատերին հասու չէ անգամ այս տարրական աստուածաբանութիւնը։
Այստեղ հարց է առաջանում` քահանան ինչպէ՞ս իմանայ, թէ Սբ. Հաղորդութեան մօտեցողներն ինչ դաւանանք ունեն կամ արդեօ՞ք ունեն դաւանանք: Չի բացառւում, որ հաւատացեալների շարքերում պատահաբար յայտնուի այլադաւան կամ անհաւատ մէկը եւ միւսների հետ խառնուելով` ինքն էլ ինքնաբերաբար Սբ. Հաղորդութիւն ստանայ: 
Այսպիսի անցանկալի երեւոյթներ տեղի չեն ունենայ, եթէ ամէն քահանայ ունենայ իր համայնքը՝ բաղկացած ծուխերից (մէկ ծուխը մէկ ընտանիքն է), իսկ ամէն քրիստոնեայ ընտանիք ունենայ իր ծխատէր քահանան։ Բնականաբար, այս դէպքում քահանան կը ճանաչի իր համայնքի բոլոր անդամներին, կ՛իմանայ, թէ ո՛վ է մկրտուած, ո՛վ մկրտուած չէ, ո՛վ ինչ հոգեւոր վիճակի մէջ է՝ միաժամանակ լինելով նրանց խոստովանահայրը։ Եւ եթէ մի օր եկեղեցում յայտնուի մի մարդ, ով անծանօթ է քահանային ու համայնքին, ապա բոլորը հետաքրքրութիւնից կը սկսեն հարցուփորձ անել նրանից՝ իմանալու համար նրա ով լինելը։ Եթէ պարզուի, որ պատկանում է նոյն եկեղեցու մէկ այլ համայնքին, ապա նրան սիրով կ՛ընդունեն իրենց մէջ եւ ոչ մի խնդիր չի լինի Սբ Հաղորդութեան մօտենալու։ Իսկ եթէ պարզուի, որ մկրտուած չէ, կամ՝ մկրտուած է, բայց ֆիզիկապէս ու հոգեպէս պատրաստ վիճակում չէ, կամ՝ այլահաւատ է (ոչ տուեալ եկեղեցու դաւանանքն ունեցող), կամ՝ այլակրօն է (հեթանոս, մուսուլման, բուդիստ եւն), կամ էլ՝ անաստուած է, ապա ոչ մի դէպքում նրան չի թոյլատրուի մօտենալ Սբ Հաղորդութեանը։ Նա առաւելագոյնը կարող է ներկայ գտնուել եկեղեցական որոշ արարողութիւններին, բայց ոչ՝ Սբ Պատարագին, եւ դեռ՝ հաղորդուել։ Սա՛ է ուղղափառ մօտեցումը, որ, դժբախտաբար, Հայ եկեղեցում մեծ մասամբ կորսուած է։
Վերջում աւելացնենք, որ Ղպտի, ասորի, եթովպացի եւ հնդիկ մալանկարայ ուղղափառ քրիստոնեաները Հայ եկեղեցու դաւանորդների հետ հաւատակիցներ են եւ գտնւում են հաղորդութենական միութեան մէջ` որպէս Քոյր Եկեղեցիներ: Մնացեալ ազգերի ուղղափառ եւ կաթողիկէ քրիստոնեաների հետ վերը թուարկուած եկեղեցիները, վարդապետական եւ այլ հարցերից ելնելով, պատմականօրէն խզում ունեն` փոխադարձ նզովքներով, որոնք էլ արգելք են հանդիսանում հաղորդութենական միութեան: Իսկ բողոքականների եւ նրանցից ծայր առնող աղանդների մասին խօսելն անիմաստ է, քանի որ վերջիններս ընդհանրապէս եկեղեցի չեն եւ դասւում են հերետիկոսների շարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել