Վրաստանում թուրքական ներդրումները հասնում են պատկառելի չափերի: Այս փաստը պետք է մտահոգի մեզ՝ հայերիս: Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ժամանակներս վերելք է ապրում, ինչին նպաստում է երկու պետությունների էներգետիկ համագործակցությունը, որին, փաստորեն, միանում է նաև Ադրբեջանը: Գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որի միջոցով արտահանվել է գրեթե 30 միլիոն տոննա ադրբեջանական նավթ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որի միջոցով արտահանվում է օրեկան 12.5 միլիոն խմ գազ: Ավարտական փուլում է գտնվում Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը, որն անցնելու է հայաբնակ Ջավախքով: Օրեր առաջ Ջավախքում գործարկվեց թուրքական կապիտալով կառուցված Փարվանա ՀԷԿ-ը, որի համար ներդրվել է 125 միլիոն դոլար: Բացի դրանից թուրքական ընկերությունները Վրաստանի կառավարության հետ պայմանագիր ունեն ևս 3 ՀԷԿ կառուցելու՝ 500 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Ավելացնենք նաև, որ Թուրքիան Վրաստանի առաջին առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասնում է տարեկան գրեթե 1.4 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանի հետ՝ ավելի քան մեկ միլիարդ դոլարի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2013 թվականին կազմել է ընդամենը 151 միլիոն դոլար: Ինչո՞ւ են մտահոգիչ այս իրողությունները: Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի վրա տնեսական գործոնն ուժեղացնելու ճանապարհով իրականացնում են իրենց պանթուրքական ծրագիրը, փորձելու են փոխել Ջավախքում ժողովրդագրական և կրոնական պատկերը՝ ամրապնդելով թուրքական տարրը և նաև հյուսիսից շրջափակելու Հայաստանը, որին մեծապես կնպաստի թուրք-մեսխեթցիների վերաբնակեցումը Ջավախքում: Սրա դեմն առնելու ճանապարհը Վրաստանում հայկական գործոնի ուժեղացումն է՝ երկու երկրների միջև համագործակության առավելագույն խորացման ճանապարհով: Հայապահպանությանն ուղղված ծրագրերը, հայաբնակ Ջավախքում լայնածավալ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականցումն անհրաժեշտություն են, որոնք նպաստելու են աշխատատեղերի ստեղծմանն ու արտագաղթի դադարեցմանը: Հակառակ դեպքում լիակատար շրջափակումն անխուսափելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել