Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միասնական ուսումնական ձեռնարկ հրատարակելը «Հոլոքոստ» հիմնադրամի և ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետագա ծրագրերից է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Հոլոքոստ» հիմնադրամի տնօրեն Ալլա Հերբերը:

Հոկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսին հաջորդեց «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտագործնական սեմինարը, որ ին ներկա էին Հայաստանի դպրոցների պատմության ուսուցիչները:

«Մենք վերջին շրջանում հասկացել ենք, որ Հոլոքոստի թեման չի կարող գոյություն ունենալ Հայոց ցեղասպանության թեմայից դուրս, ընդհանրապես առանց «ահաբեկչություն», «ցեղասպանություն» թեմաների հիշատակման: Մենք շատ բան կանենք միասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Պատրաստվում ենք միասնական ձեռնարկ հրատարակել, որտեղ կլինի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին»,-ասաց Ալլա Հերբերը:

Ալլա Հերբերի դիտարկմամբ` Հոլոքոստը, ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպիսի ողբերգություններ են, որոնք «վախենում են» դատարկ բառերից: «Երբ խոսում եմ այս երևույթների մասին, ես մեծ պատասխանատվություն եմ զգում, ես ուզում եմ իմ ասելիքը ճիշտ տեղ հասցնել: Չեմ ցանկանում անգամ այս ուսումնական ձեռնարկը դասագիրք անվանել: Այն այնքան հեշտ, հանգիստ ու զուսպ ձևով է նկարագրել Հոլոքոստը, առանց ավելորդ բառերի, որ յուրաքանչյուր հոգատար և խելացի ուսուցիչ կարող է այդ պատմությունը փոխանցել դպրոցականներին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել