Tert.am-ը գրում է.

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ ներկայացված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը որոշակի հստակություն ունի, մասնավորապես հստակեցվում է, որ պետք է անցում կատարել պառլամենտական համակարգին, ինչին ինքը կողմ է։ Ըստ նրա՝ դեռևս հստակ չէ, թե ինչպես են ձևավորվելու դատարանները և ինչպես են նշանակվելու դատավորները։ Ավետիք Իշխանյանին, սակայն, հետաքրքրում է՝ արդյո՞ք իշխանություններն իսկապես ուզում են իրական խորհրդարանական համակարգի անցում, որովհետև չգիտի պատմությունից այդպիսի դեպք, որ իշխանությունները սեփական կամքով իրենց իշխանությունը սահմանափակեն։

-Պարո՛ն Իշխանյան, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին ծանոթացե՞լ եք, ի՞նչ գնահատական կտաք։

-Ներկայացված հայեցակարգում որոշակիությունն ավելի հստակ է, որովհետև նախագծում շատ ավելի մշուշոտ էին առաջարկությունները, մասնավորապես հստակ նշվում է, որ պետք է անցում կատարել պառլամենտական համակարգին։ Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմիններին պաշտոնանկ անելու հարցը, որը շատ կարևոր խնդիր է. այն, ինչ կա այսօր, որ մարզպետները կարող են պաշտոնանկ արվել ինչ-որ գործընթացով, կարծես թե առաջարկություն կա դա բացառել։ Իհարկե, դեռևս հարցեր շատ կան, բայց ես միշտ կողմ եմ եղել պառլամենտական համակարգին։ Տեսնենք, թե ինչ կտա նախագիծը, որովհետև դեռևս հստակ չէ, չնայած այնտեղ գրվում է նաև դատարանների անկախության մասին, իսկ ես դա համարում եմ պետության ողնաշարը, բայց ինձ հետաքրքրում է, թե ինչպես են ձևավորվելու դատարանները և ինչպես են նշանակվելու դատավորները, դեռևս դրա պատասխանը չկա։ Որովհետև եթե անցում լինի դեպի խորհրդարանական համակարգ, այստեղ արդեն գործադիրի ղեկավարը վարչապետն է, և ինձ հետաքրքրում է՝ դատարանակազմությունն ինչպե՞ս պետք է լինի, արդյո՞ք գործադիր իշխանությունը, ինչպես այժմ է, մասնակցություն է ունենալու դատավորների նշանակմանը։ Երբ հաստատված նախագիծը լինի, այդ ժամանակ հստակ կարող ենք ասել՝ հարցը լուծվա՞ծ է, թե՝ ոչ։

-Իսկ այն հարցերում, որտեղ չկա որոշակիություն, ինչպես օրինակ Դուք նշեցիք՝ նույն դատավորների նշանակման հարցով, չե՞ք պատրաստվում ներկայացնել առաջարկություններ։

-Եթե խորհրդարանական համակարգի անցում է լինում, որտեղ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի՝ գուցե ընդլայնված կազմով, այսինքն՝ միայն ԱԺ-ն չընտրի, և նախագահի ընտրությունը լինի ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ որակյալ մեծամասնությամբ և լինի կոմպրոմիսային ֆիգուր, որն ունենում է արարողակարգային բնույթ, և եթե արդարադատության խորհուրդը նույնպես անկախ լինի՝ այնտեղ առաջարկ կա, որ արդարադատության խորհրդի անդամներն էլ նշանակվեն ընտրովի որակյալ մեծամասնության կողմից և եթե վերջնական դատավորների նշանակման ստորագրությունը լինի նախագահինը՝ զուտ ձևական, ապա այդ դեպքում էլ կարող ենք ասել, որ դե յուրե դատական անկախությունը թերևս ապահովված է։ Ես նման առաջարկ կանեմ։

Ես այլ մտահոգությունն էլ ունեմ, չասեմ մտահոգություն է, այլ հետաքրքրում է, թե արդյո՞ք իսկապես իշխանություններն ուզում են իրական խորհրդարանական համակարգի անցում։ Ինչի՞ համար եմ ասում, որովհետև ես չգիտեմ պատմությունից այդպիսի դեպք, որ իշխանությունները սեփական կամքով իրենց իշխանությունը սահմանափակեն, որովհետև պառլամենտական համակարգ, անկախ դատարան, դա արդեն իշխանության սահմանափակում է. այդ տեսակետից դեռևս անհասկանալի է այդ միտումը։ Դրա համար սպասենք հայեցակարգին, որովհետև համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ իշխանության տարանջատումը, որպես կանոն, լինում է հասարակության ճնշմամբ։ Այս պարագայում հասարակությունը դեռևս այդ գիտակցումը չունի իմ կարծիքով, քաղաքական ուժերը նույնպես չեն ցանկանում դա, որովհետև դեռևս հասարակության մեջ հպատակի հոգեբանությունն է, իսկ հպատակի հոգեբանությունն այն է, որ լինի մի թագավոր, նախագահ կամ գլխավոր քարտուղար, որը իրենց մասին մտածի։ Մնացած կուսակցություններն էլ, բացի Դաշնակցությունից, բոլորը մի անձի շուրջ կենտրոնացված կուսակցություններ են, որոնց նպատակն է իրենց ղեկավարին դարձնել թագավոր, որի անունն է նախագահ, և իրենք մնան այն լիազորություններով, ինչ որ կա։ Նման պայմաններում ես չեմ պատկերացնում, եթե նույնիսկ իդեալական նախագիծ լինի, ինչպե՞ս պետք է անցնի և մոտիվացիան իշխանությունների նույնպես չեմ հասկանում, այնպես որ այս գործընթացն ինձ համար բազմաթիվ անհայտներով հավասարում է։

-Իսկ ընդդիմության հակափաստարկները համոզիչ չե՞ն, որ նախ հասարակության պահանջ չկա, և հետո էլ՝ ժամանակը չէ։

-Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև հասարակական պահանջը պետք է ձևավորի հենց ընդդիմությունը։ Հարցն այլ է, եթե ընդդիմությունն իսկապես ուզում է, որ երկիրը լինի ժողովրդավարական, իրավական պետություն, ապա պետք է հենց հասարակական պահանջը ներկայացներ ընդդիմությունը։ Ես ասացի, որ ո՛չ հասարակությունն է ներկայացնում, ո՛չ էլ ընդդիմությունը։ Եվ իսկապես այսօր չկա հասարակական պահանջ, և ես զարմանում եմ, ինչպես ասացի, մյուս կողմից իշխանությունների վարքագծից էլ, որը երբեք իր ցանկությամբ իր լիազորությունները չի պակասեցնի, իսկ խորհրդարանական համակարգը նշանակում է սահմանափակել լիազորությունները։ Մի կողմից իշխանության ներկայացուցիչներից ասում են, որ Հանրապետական կուսակցությունը երկար ժամանակ պետք է մնա իշխանության և այդ իշխանությունն ամրապնդելու համար, որպես օրինակ եմ ասում, Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակում են մարզպետ ու մյուս կողմից էլ նման հայեցակարգ են ներկայացնում։ Ես, ճիշտն ասած, կարծում եմ, որ այս հայեցակարգը հենց Նախագահի կողմից է մերժվելու և կոնսենսուսի են գալու ընդդիմադիր և իշխանական ուժերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել