Երբ առաջին "ջղազիգ" խոսքերն ասվեցին ու արցունքները սրբվեցին, դատապարտյալների կանայք ասացին իրար` "Այլեւս չենք լացելու: Թող մեր տղաները մեզ չտեսնեն լացելուց:" Ու սկսեցին երգել` "Հիմի էլ լռենք, եղբայր հայեր, հիիի-մի էլ..." Այդ պահին ես շուռ եկա, որ ինքս չլացեմ: Ռուզաննան, Մարինան ու մյուս կանայք մոտեցան միմյանց: Հենց նոր նրանց ամուսիններին, եղբայրներին ու հայրերին բանտարկեցին չորս, հինգ, վեց, յոթ տարով ` ազատություն քարոզելու համար: Կանայք կանգնած էին առանձին ու բոլորս ամաչում էինք նրանց աչքերին նայել: Ամաչում էինք, որ տղաները բանտում են,իսկ մենք ... Ոչ, մենք էլ ազատ չենք, բայց գոնե դրսում ենք: Ես վերցրեցի փոքրիկ Աննային ու ուսերիս նստացրեցի, որ նա լավ տեսնի այն բեռնատարը, որով տանելու էին բանտ քեռուն: Աղջիկները այլեւս չէին լացում: Երգելն էր չեր ստացվում: Դուրս եկավ դատախազի մեքենան` լսվեցին ճիչեր, "Ամոթ, ազգի դավաճան..." Հետո ոստիկանները փակեցին մեր ճանապարհը եւ մոխրագույն բեռնատարը դարպասներից արագ դուրս եկավ փողոց: Բոլորս գոռում էինք "Ազատ անկախ Հայաստան..." Կանայք մնացին մենակ: Հայոց էպոսում ասված է` "Առյուծն առյուծ է, էգ լինի թե որձ..."

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել