Օրերս BBC-ին անդրադարձել է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների խնդրին և նշել, որ վերջին ամիսներին այնտեղ կառավարության քննադատների նկատմամբ բռնություններն ինտենսիվացել են: Նշվում է, որ քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչներ հետապնդվում են, ենթարկվում բռնաճնշումների՝ միաժամանակ ընդգծելով, որ Լեյլա Ալիևան, ում կազմակերպությունը պետության հովանավորության տակ է, դեռևս պատասխանատվության չի ենթարկվել, "մինչդեռ իր հասակակիցներից շատերի բախտը չի բերել": Կայքը չի մոռացել նաև շեշտել, որ "նավթով հարուստ Ադրբեջանը նախագահում է եվրոպական դեմոկրատական կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը": Պատահական չի ընտրված "նավթով հարուստ" բառակապակցությունը, քանի որ այդ երկրի նավթը դարձել է քաղաքական ներողամտության գործոն, և նա դրսևորում է անհանդուրժողականություն այն դեպքում, երբ, ելնելով իր կարգավիճակից, պետք է վարեր հնարավորինս մեղմ քաղաքականություն, որքան էլ հանդուրժողականությունն ու ադրբեջանական իշխանություն հասկացությունները թե ձևի, թե փիլիսոփայության առումով լինեին հակադարձ համեմատական ու հակառակ մեծության արժեքներ:

Այս բռնաճնշումները, սակայն, ունեն մեկ այլ պատճառ ևս. ավտորիտար-ոչ էգալիտար ռեժիմը, որը ներհատուկ է ադրբեջանական պետությանը, և որի շնորհիվ էլ համակարգը գործում է ռեակցիոն փակման ռեժիմով: Այս ռեժիմին հատուկ է հետևյալ գործելաոճը. որքան շատանում են քննադատությունները, այնքան խորանում են բռնաճնշումները, նույնկերպ, որքան ընդլայնվում է հասարակության ինֆորմացիան լիբերալիզմի մասին, այնքան ընդլայնվում է համակարգի «տեղեկատվությունը» դրա վատ հետևանքների մասին (բռնաճնշումներ, հետապնդումներ, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես հասարակությանը տրված ինֆորմացիա): Այսինքն՝ ամեն ինչ տոտալ վերահսկողության տակ է: Եվ սա է արևմտյան լրատվամիջոցների մտագոհության առիթը, որ նման երկրին նավթի համար ոչ ոք պատիժ չի սահմանում, ինչից տուժում է դեմոկրատիայի հեղինակությունը և Արևմուտքն առհասարակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել