Tert.am-ը գրում է․

Շատ հստակ է մի բան. մեր տեխնիկան` պաշտպանության համակարգը, հարձակողական միջոցները, որևէ կերպ չի զիջում Ադրբեջանի ռազմական տեխնիկային: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զենքի ծավալների և նրանց ռազմական համագործակցության խորացման վտանգին:

«Հավասարակշռվածությունն ամբողջությամբ պահպանվում է, եթե դա չլինի՝ հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատկությունը, պետականաշինության փիլիսոփայությունը, այդ պետությունը անկասկած կհարձակվի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր ռազմական դաշնակցի կողմից մեր հակառակորդին զենք վաճառելուն, ապա Դավիթ Բաբայանը նկատեց. «Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններն ընդհանրապես գտնվում են նրանց երկկողմ հարաբերությունների շրջանակում: Անկախ այս ապրանքաշրջանառության ծավալներից` չեմ կարծում, որ սա ուղղված է Հայաստանի կամ Արցախի դեմ, Ադրբեջանը և Ռուսաստանն ունեն իրենց տնտեսական շահերը, և չեմ կարծում, որ դա Հայաստանի և Արցախի հաշվին է»:

Ամեն դեպքում, Դավիթ Բաբայանը գտնում է, որ Ադրբեջանի ռազմական հզորացումը վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլ ընդհանրապես տարածաշրջանի, և բոլոր երկրները պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն ոչ նորմալ պետության հետ:

«Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են խորացնել իրենց տնտեսական հարաբերությունները, սակայն եթե Ադրբեջանը փորձի ապակայունացնել տարածաշրջանը, ապա նրանց կողմից համապատասխան դիտողությունը և պատժամիջոցների իրականացման հեռանկարները նույն Ադրբեջանին հեռու կպահեն ապակառուցողական քաղաքականություն վարելուց»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով, եթե Ռուսաստանը կամ ԵԱՀԿ մինսկի խմբի այլ համանախագահող երկիր ռազմական համագործակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ, ուրեմն նրանք նաև պետք է երաշխավորեն, որ այդ զենքը չի օգտագործվելու այլ պետության` մասնավորապես իրենց դաշնակից պետության դեմ, տվյալ դեպքում Հայաստանի: «Մյուս կողմից մենք էլ պետք է զուգահեռ ուժեղացնենք մեր բանակը, մեր պաշտպանության համակարգը»,- ասաց նա:

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը նաև դրական է համարում, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը կազատվի ռազմական նշանակության արտադրանքի համար մաքսատուրքերից: «Դա տնտեսական առումով բավականին կթեթևացնի ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել