Դիդյե Դեշամ. Հայաստանի հավաքականի՝ խմբից դուրս գալու շանսերը տեսանելի ենArmfootball.com-ը գրում է.

Հայաստան - Ֆրանսիա (0-3) խաղից հետո կայացավ հյուրերի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի մամլո ասուլիսը:

- Արդարացրի՞ն իրենց այն փոփոխությունները, որոնք կատարել էիք:

- Կարևորը արդյունքն էր, երեք գոլ խփեցինք, գոլ բաց չթողեցինք: Հատկապես առաջին կեսում կարող էինք ավելի լավ խաղալ: Դա պայմանավորված էր Հայաստանի հավաքականի հաջող խաղով: Նրանք բավականին լավ էին պրեսինգի դիմում, ու մենք խնդիրներ ունեցանք:

- Այս խաղերից հետո, ի՞նչ նոր բան իմացաք Ձեր թիմի մասին:

- Մեր թիմի հետ կապված ոչ մի բացահայտում չեղավ, ունեցանք նոր ֆուտբոլիստներ` Պայեն ու Ժալեն, ովքեր լավ միացան թիմին: Կարևոր է, որ պահպանենք տեմպը, ու շարունակենք խաղալ նույն արդյունավետությամբ:

- Կարելի՞է ասել, որ խփած գոլից հետո Ժինյակը տեղ կունենա հավաքականում:

- Ժինյակը ցույց տվեց, որ լավ մարզավիճակում է, լավ էր պայքարում, խլում գնդակը: Նա մի փոքր այլ տիպի հարձակվող է, քան Բենզեման կամ Ռեմին, սակայն նա ապացուցեց, որ կարող է տեղ ունենալ հավաքականում:

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի խաղը:

- Հատկապես առաջին կեսում Հայաստանի հավաքականը լավ խաղաց, պրեսինգի էր դիմում, հարձակման գծի ֆուտբոլիստները խնդիրներ ստեղծեցին մեզ համար: Ընդհանուր առմամբ զգացվեց, որ Հայաստանի հավաքականի տասը ֆուտբոլիստներ երեք օր առաջ ծանր հանդիպում էին անցկացրել, ու հոգնածություն կար: Բայց, միևնույն է, առաջընթացն ակնհայտ է:

- Այս խաղերից հետո ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի հնարավորությունները խմբից դուրս գալու:

- Ինչպես երեկ նշեցի, խմբում դասավորությունը շատ սեղմ է լինելու, իսկ Ձեր թիմն արժանի էր հաղթել Սերբիային: Երեկ էլ նշեցի, որ թիմը հնարավորություն ունի պայքարել, երեք ուղեգիր է խաղարկվելու: Խմբում հանդես են գալիս Սերբիայի, Դանիայի, Պորտուգալիայի պես թիմեր, սակայն Հայաստանի հավաքականն էլ կարող է մտնել պայքարի մեջ:

- Ի՞նչ կասեք երկու կենտրոնական պաշտպանների` Մատյոյի ու վարանի համագործակցության մասին:

- Մատյոն առաջին կեսում մի քանի սխալներ արեց, բայց, ընդհանուր առմամբ, համագործակցությունը վատը չէր:

- Եթե Ֆրանսիայի հավաքականը հանդես գար խմբում, կլիներ առաջատարը: Թիմը մոտիվացիայի պակաս չունի՞:

- Պորտուգալիայի դեմ խաղից երեք օր հետո մի փոքր դժվար էր, սակայն մենք փորձում ենք հարմարվել խաղային այս ռիթմին, ինչպես մեկ ամիս առաջ էր Իսպանիայի դեմ խաղից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել