Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի զավեշտալի պատասխանը ԵԽԽՎ պատվիրակներից մեկի գրավոր հարցին.

Ի պատասխան Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին առնչվող հարցի` Մամեդյարովը բառացիորեն ասել է հետևյալը. <<Եվրոպայի խորհուրդը չունի քաղաքական բանտարկյալ հասկացությունը: Երբ ԵԽԽՎ կսահմանի հստակ չափանիշ քաղաքական բանտարկյալ հասկացության համար, ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին, հակառակ դեպքում այն շատ հիպոթետիկ կլինի:>>:
Իր երկրորդ հարցի շարադրման ժամանակ պատվիրակը փաստում է, որ ամենայն հավանականությամբ Մամեդյարովի պատասխանը սխալ է, քանի որ ԵԽԽՎ դեռևս 2012 թվականին ընդունել է 1900 բանաձևը, որի վերտառությունը հետևյալն է <<Քաղաքական բանտարկյալների հասկացությունը /սահմանումը/>>: Այլ կերպ ասած, այդ չափանիշները առկա են, ուստի Մամեդյարովի պատասխանը ոչ այլ ինչ է, քան պարզունակ խուսանավում իր երկրում առկա խայտառակ խնդիրներից: 
Մատնանշելով այլ հիմնավորումներ ևս` պատվիրակը հարց է ուղղել նախարարների կոմիտեին. <<Արդյո՞ք նախարարների կոմիտեն համամիտ է իր ղեկավարի /այդ ժամանակ Մամեդյարովը գլխավորում էր նախարարների կոմիտեն/ վերոնշյալ հայտարարության հետ և ունակ է արդյո՞ք տալ իմ հարցի ամբողջական պատասխանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ղեկավարը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ցուցակը կարող է տրվել, եթե առկա է հասկացություն:>> 
Այժմ սպասենք այս հարցի պատասխանին, քանզի թվում է` ամեն ինչ ավելի քան հստակ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել