Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում կայացան Նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանն անդամակցում է երկրի տնտեսության նոր զարկ տալու նպատակով, ապա ավելացրեց, որ այդուհանդերձ, դա չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը։

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասաց, որ իր համար Ինձ համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Սերբիայի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պարոն Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, քանի որ այն կայանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում:

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին այսօրինակ բարձր մակարդակի փոխայցերը բարի ավանդույթ են դարձել, ինչը վկայում է, որ մենք հանձնառու ենք պատմության փորձությունն անցած ավանդական բարեկամական հարաբերությունները վերածել շատ ամուր երկկողմ միջպետական հարաբերությունների: 

Անցած երեկո ես և իմ սերբ բարեկամը ջերմ միջավայրում վայելեցինք Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Սերբիա ազգային հավաքականների խաղը, որը, վստահ եմ, կլինի միակ հարթակը, այսինքն՝ սպորտային հարթակը կլինի միակ հարթակը, որտեղ մենք մրցակցում ենք: Ե՛վ ես, և՛ Սերբիայի Նախագահը դժվարությամբ էինք զսպում մեր էմոցիաները, բայց այնուհանդերձ, խաղաղությամբ հեռացանք մարզադաշտից, և կարծում եմ, որ սերբերն իրենց մտքում ափսոսում էին, թե ինչու իրենք չհաղթեցին, որովհետև իրենք ուժեղ էին, հայերն էլ ափսոսում էին, թե ինչու չհաղթեցին, քանի որ կար այդպիսի հնարավորություն»,– ասաց ՀՀ Նախագահը: 

Սերժ Սարգսյանը նշեց, որ այս երկու օրերի ընթացքում պարոն Նիկոլիչի հետ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի բոլոր հարցերը և միակարծիք են եղել, որ ժամանակն է վերաիմաստավորելու վերջին քսան տարիների անցած ուղին և նոր շունչ հաղորդելու երկկողմ համագործակցությանը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ համատեքստում նրանք կարևորել են Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչը մեծապես կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել