Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես, ասել է.«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ճիշտ է, այստեղ մենք միասին մի փոքր ուշացումով ենք նշում ՀՀ Անկախության օրը` Սեպտեմբերի 21-ը, բայց էականը դա չէ, այլ այն, որ Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար: Ամեն մի օրը աշխատանքի և արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է: Համենայն դեպս Հայաստանի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք փորձում ենք, և մեր ջանքերը գործադրում ենք հենց այս տրամաբանությամբ:

Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան: Եվ մենք ընտրել ենք. ընտրել ենք բոլորս միասին, ընտրել ենք որպես մեկ միասնական հայ ժողովուրդ: Ընտրել ենք ապագա, որտեղ համայն հայության հայրենիք Հայաստանը դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր պետք է լինի:

Անկախության 23 տարիների ընթացքում, իհարկե, շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավել ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու համար և բավականաչափ կազմակերպված է՝ առկա խնդիրները լուծելու համար: Այսօրվա Հայաստանը մեր ժողովրդի բազմադարյա երազանքի երկիրն է, որ հաջողվել է ստեղծել, բայց, անշուշտ, այն դեռ լիովին չի ապահովում ապագայի այն պատկերացումը, որը մենք միասին մեզ համար ընտրել էինք: Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք ունենք և այդ ճանապարհին դեռ շատ ու շատ խնդիրներ ունենք լուծելու: Միասի՛ն լուծելու. նույն ոգևորությամբ, նույն միակամությամբ ու միասնությամբ, որով ընտրել ենք մեր ապագան, անկախ երկրի ու հպարտ ժողովրդի ապագան:

ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին և պետության ամուր թևի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման և արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը: Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, և այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել