Tert.am-ը գրում է.

Կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում՝ հաջորդ տարվանից ավելի քիչ վճարելով աշխատող մայրերին՝ մայրության արձակուրդի ընթացքում: Եթե նախկինում աշխատող հղի կանայք իրենց հետծննդյան և նախածննդյան 140 օր արձակուրդի համար վճարվում էին միջին աշխատավարձի չափով, ապա այս փոփոխություններով նախատեսվում է, որ նրանց վճարվող գումարը պետք է պայմանավորված լինի իրենց վերջին աշխատավայրում աշխատելու ստաժով:

Մանրամասնելով նոր փոփոխության էությունը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը, ով իր վերջին աշխատավայրում աշխատում է մինչև մեկ տարի, պետք է ստանա հատուցում ընդամենը միջին աշխատավարձի 40%-ի չափով, կինը, ով աշխատում է 1-3 տարի վերջին աշխատավայրում կստանա 60%-ի չափով, իսկ 3-ից ավել տարվա համար կստանա 80%-ի չափով:

«Այսինքն՝ երկուսուկես մլն դրամից ավել նպաստ ոչ մի կին չի ստանա, եթե նա առաջին կամ երկրորդ երեխայով է հղի, և եթե երրորդ երեխայով է հղի, ապա երեքուկես մլն դրամն է վերին շեմը, բայց մինչև հիմա նման սահմանափակումներ չեն եղել»,- ասաց նա:

Նշենք, որ այդ փոփոխությունները դեռ քննարկվում են Կառավարությունում, դեռ չեն մտել Ազգային ժողով, սակայն մտնելու դեպքում նախատեսվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2015թ.-ի հունվարի 1-ից:

Դրա փոխարեն Կառավարությունն առաջարկում է նաև նպաստ սահմանել չաշխատող կանանց համար, որպեսզի 2016-ից չաշխատող կանայք ստանան փոխհատուցում այդ 140 օրվա համար: «Ընդհանրապես հասարակությունը և մեզ դիմող կանայք դեմ են նման փոփոխություններին, քանի որ ստացվում է, որ այդ փոփոխություններով գումարը վերցնում են աշխատող կանանցից և տալիս չաշխատողներին, որը տրամաբանական չէ, քանի որ աշխատող կինն այդ փոխհատուցումը ստանում է իր անաշխատունակության շրջանի համար, որպեսզի չկորցնի իր եկամուտը»,- ասաց կենտրոնի իրավաբանը:

Վերջինս նաև շեշտեց, որ այդ փոփոխությամբ փաստորեն խթանում են, որպեսզի կանայք ֆինանսական պատճառներից ելնելով խուսափեն մայրանալուց, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ երկրի համար՝ բնական աճի տեմպերը կնվազեն, և մի երկրում, որտեղ արտագաղթի խնդիր կա, կարող է նաև դեմոգրաֆիական խնդիր առաջանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել