Tert.am-ը գրում է․

Այսօր պաշտոնապես ամփոփվեցին «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մասնագիտական քննարկման համապետական ուսանողական մրցույթի արդյունքները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նշեց, որ իր համար սահմանադրական բարեփոխումներն ունեն նաև անձնական առումով զգացմունքային նշանակություն, որովհետև ինքը եղել է դեռևս մեր առաջին Սահմանադրության մշակման աշխատանքների մասնակիցը՝ որպես երիտասարդ փորձագետ, այնուհետև մասնակցել է նաև հետագա բարեփոխումներին:

«Ես Սահմանադրության «ծննդին» մասնակից եղած մարդկանցից մեկն եմ: Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է: Դուք հետևում եք հանրային, քաղաքական դաշտում քննարկումներին՝ սահմանադրական բարեփոխումների՝ ժամանակին կամ ժամանակավրեպ լինելու վերաբերյալ, բայց մի բան ակնհայտ է, որ Սահմանադրությունը, լինելով մեր երկրի և հասարակության հիմնական սկզբունքները կարգավորող և հռչակող փաստաթուղթը, պետք է լինի կենդանի, մշտապես զարգացող»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ եթե մենք այսօր ունենք հնարավորություն Սահմանադրության բարեփոխումների իրականացման արդյունքում ավելի առաջ մղել հասարակության զարգացումը, և ոչ թե սպասել, որ հասարակական պրոցեսների զարգացման արդյունքում հիմնական օրենքը փոխելու անհրաժեշտություն առաջանա:

Ինչ վերաբերում է հնչեցվող այն հարցադրմանը, որ երկրում կան բավականին լուրջ հիմնախնդիրներ, Հովհաննես Մանուկյանն ասաց. «Թերևս դրանց մի մասի հետ կարելի է համաձայնել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ հիմնախնդիրների լուծման առումով մտահոգ լինելով հանդերձ՝ մենք պարտավոր չենք մտածել այնպիսի կարևոր խնդրի մասին, ինչպիսին մեր երկրի հիմնական օրենքի կատարելագործումն է»:

Նա նշեց, որ իր համար շատ հաճելի է, որ այս պրոցեսին մասնակից է դառնում երիտասարդ սերունդը՝ մասնավորապես ուսանողությունը, որովհետև նրանք են այս երկրի ապագան:

«Շատ կարճ ժամանակ հետո մենք այս ամեն ինչը հանձնելու ենք ձեզ, և դո՛ւք եք լինելու այս երկրի նախագահը, պատգամավորները, նախարարները, տնտեսական, մշակութային, քաղաքական էլիտան: Այդ իսկ պատճառով ձեր ներգրավվածությունն այս գործընթացին շատ եմ կարևորում, և այս գործընթացը կարող է էականորեն շահել ձեր ակտիվությամբ»,-ասաց նա:

Հովհաննես Մանուկյանը շատ կարևոր համարեց նաև քննարկումներում մասնավոր սեկտորի ակտիվությունը: «Մասնավորապես AM իրավաբանական գրասենյակը, որն, ըստ էության, մասնավոր կառույց է, և դա ուղղակիորեն չի մտնում իր խնդիրների և ծրագրերի մեջ, այնուամենայնիվ կարևոր է համարել կազմակերպել այս միջոցառումը։ Սա խոսում է նրա մասին, որ հանրային ներգրավվածություն կա այս գործընթացին, ինչը տալու է ավելի բարձր որակ»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նախաձեռնության համար:

Նա նշեց, որ քաղաքացիական հասարակության ակտիվությունը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկման և քաղաքական որոշումների կայացման հարցում էական է, և իրենք շարունակելու են ինչպես այս հարցում, այնպես էլ կարևորագույն իրավական, քաղաքական, սոցիալական խնդիրների մշակման, որոշումների կայացման գործընթացում ակտիվորեն ներգրավել հանրային սեկտորի ներկայացուցիչներին:

«AM» Իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և միջոցառմանը մասնակցելու համար, ապա նշեց, որ ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարևոր իրադարձություններին բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: «Այդ տեսանկյունից կարևոր է հատկապես իրավաբանական համայնքի ներկայացուցիչների ներգրավվածությունն այնպիսի մի գործընթացի մեջ, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների քննարկումն է: Անկախ բոլոր քաղաքական դիրքորոշումներից, պետք է իրավական հստակ խնդիրներ ձևակերպել և ներկայացնել հանրությանը: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարել լսելի դարձնել նաև ուսանողների ձայնը»,-ասաց նա:

Գրիգոր Մինասյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ քննարկման ժամանակ կհնչեն բոլորի շատ կարևոր մտահոգությունները, դիտարկումները և վստահություն հայտնեց, որ դրանք էապես կնպաստեն մեր երկրի զարգացվածությանը:

«Շուրջ մեկ ամիս առաջ մենք հայտարարեցինք համապետական ուսանողական մրցույթի մասին։ Դրա նպատակն է, որպեսզի հասկանանք՝ ինչն է պակասում մեր գործող Սահմանադրությանը, որ մեր երկրի կյանքը լինի ավելի բարեկեցիկ, որ օրենքները լինեն ավելի պաշտպանված և ամենակարևորն է՝ երկրի կառավարումը և քաղաքական գործընթացները դառնան ավելի արդյունավետ»-ասաց նա:

Նա նշեց, որ իրենք ուրախությամբ արձանագրեցին, որ հայտարարված մրցույթին մասնակցեցին գրեթե բոլոր համալսարանների տասնյակ ուսանողներ և նրանց քննարկմանը հնարավորություն կտրվի անձամբ ներկայացնել հանձնաժողովի անդամին իրենց մտահոգությունները, առաջարկները և դիտարկումները:

«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը համառոտ ներկայացրեց, թե ինչն է այսօր մտահոգում մեր ապագա իրավաբան մասնագետներին:

«Բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել օրենքների սահմանադրական հսկողության հետ կապված, բազմաթիվ էին Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակները ընդլայնմանը վերաբերող հարցերը: Առաջարկվել է սահմանադրորեն ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, միջհամայնքային միավորումների կարգավիճակը: Ուսանողների կողմից հատկապես կարևորվել է այլընտրանքային երաշխիքների ամրագրումը, որոնց շնորհիվ համայնքներն իրոք կլինեն մարզպետարաններից անկախ»,-ասաց նա և հավելեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել դատապարտվածների ընտրական իրավունքի սահմանափակման վերացման կամ առնվազն դրա շրջանակի նեղացմանը, նաև մատնանշվել են այն նորմերը, որոնք պետք է համապատասխանեցվեն միջազգային փաստաթղթերին:

«Բազմաթիվ են եղել առաջարկները` արտասահմանում գտնվող մեր ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնման հետ կապված: Ներկայացվել են նախագահի լիազորությունների սահմանափակման, նախագահի թեկնածուի տարիքի բարձրացման և նախընտրական գրավի սահմանադրական ամրագրման վերաբերյալ առաջարկներ: Նրանք ցանկանում են, որ ապագա Սահմանադրությունում ամրագրվի նաև աշխատանքի իրավունքը և շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պարտադիր պահանջը: Այս և այլ մի շարք խնդիրներ ներկայացված են մրցույթի մասնակիցների հայտերում, և նրանք, ովքեր կարողացել են առավելագույնս հիմնավորված և մասնագիտական բարձր որակով դրսևորեն իրենց, արժանացել են մրցանակային տեղերի»,-ասաց նա և ավելացրեց, որ թեև սկզբում նախատեսել էին երեք մրցանակ, սակայն քանի որ աշխատանքները բավականին հետաքրքիր են եղել, ավելացել են ևս 2 հատուկ մրցանակներ:

Հայտարարվեց, որ հաղթողների համար AM իրավաբանական ընկերությունը պատրաստել է համակարգիչներ և այլ նվերներ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվելու առնվազն երեք ամիս աշխատել առաջատար իրավաբանական ընկերությունում:

Առաջին հատուկ մրցանակը տրվեց լավագույն վերլուծական միտքը ցուցաբերած մասնակցին՝Ստելլա Չանդիրյանին. մրցանակը հանձնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը: Նա նաև բոլոր հաղթողներին նվիրեց իր հեղինակած գիրքը:

Լավագույն գրավոր խոսքի համար մրցանակին արժանացավ Նոննա Հարությունյանը. մրցանակը հանձնեց ԵՊՀ Եվրոպական և միջազգային ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վիգեն Քոչարյանը:

Երրորդ տեղ զբաղեցրեց Պայծառ Քոչարյանը. նրան Սահմանադրական դատարանի անունից մրցանակը և պատվոգիրը հանձնեց ՍԴ ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Հովսեփ Դավթյանը. նրան մրցանակը հանձնեց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, իրավական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը:

Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Անի Ասլանյանը. նրա անունը հրապարակեց և մրցանակը հանձնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նշենք նաև, որ մրցանակները հանձնելուց հետո միջոցառման շրջանակներում կայացավ «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի» մասնագիտական քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանը, ԵՊՀ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԴ նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը: Մրցանակի արժանացած ուսանողները ներկայացրին իրենց առաջարկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել