Ներկա միլիարդատերերից շատերը հարուստ չեն ծնվել: Նրանցից յուրաքանչյուրն անցել է երկար ճանապարհ, որի սկիզբն իրականում շատ բարդ է եղել և ընդհանրապես կապ չի ունեցել նրանց ներկայիս գործունեության հետ: Կարծում եմ հետաքրքիր կլինի ներկայացնել որոշ միլիարդատերերի կյանքից մի քանի հատվածներ, թե ինչպե՞ս են նրանք սկսել իրենց գործունեությունը: Այս մարդկանցից շատերի մասին ես ավելի մանրամասն կներկայացնեմ հետագա գրառումներում, սակայն հիմա հավաքել եմ որոշ միլիարդատերերի ցուցակը, որոնք սկսել են ամենասկզբից մեկ աշխատանքով, բայց շնորհիվ այլ գործի, հասել են մեծ արդյունքների: Ամենահարուստ մարդկանցից մի քանիսի առաջին աշխատանքներն են եղել՝

1. Ուորեն Բաֆֆեթ – Վաճառել է մաստակ, կոկա-կոլա, բաժանել թերթեր: Ասում են, որ Բաֆֆեթը առաջին անգամ սկսել է աշխատել դեռ 6 տարեկան հասակից: Փոքր ժամանակ նա թակում էր յուրաքանչյուր տան դուռ և առաջարկում մաստակ գնել: Այնուհետև սկսեց վաճառել իր ամենասիրելի ապրանքը՝ Կոկա-կոլան: Միևնույն ժամանակ ամեն առավոտյան հասցնում էր բաժանել իրեն կցված տներին ամենօրյա թերթերը: Այսօր  գլխավորում է Berkshire Hathaway ընկերությունը, իսկ կարողությունը կազմում է 44 մլրդ դոլար:

2. Մայքլ Բլումբերգը աշխատում էր մեքենաների կայանատեղիում: Ներկայիս Նյու-Յորքի քաղաքապետը այդ աշխատանքով կարողանում էր փող վաստակել, որպեսզի հոգա իր համալսարանի ծախսերը: Մի քանի տարի հետո Բլումբերգը սկսում է աշխատել ֆինանսական ընկերություններից մեկում, իսկ որոշ ժամանակ անց, հիմնում է իր սեփական ընկերությունը: Այսօր Bloomberg LP-ն համարվում է ամենամեծ մեդիա կայսրություններից մեկն աշխարհում, իսկ կարողությունը կազմում է 22 մլրդ դոլար:

3. Ջոն Ստամպֆը հացթուխ էր: Բայց հիմա նա հայտնի է որպես ԱՄՆ-ի ամենամեծ ֆինանսական գիգանտ Wells Fargo-ի գործադիր տնօրեն: Ստեմպֆը հաց էր թխում, որպեսզի գոյատևի, սակայն մտնելով բանկային համակարգ և բարձրանալով բոլոր աստիճաններով՝ այսօր նա ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է այս ոլորտում: Միայն բանկային ոլորտում փորձը կազմում է երեք տասնյակ տարիներ, իսկ հետաքրքրության համար նշեմ, որ տարեկան աշխատավարձը կազմում է 19.8 մլն դոլար: Արժե:

4. Ռուստամ Տարիկոն օգնում էր իտալական տուրիստական գործակալությանը և զբոսաջրջիկների համար տեղեր վերցնում հյուրանոցներում: Թվում էր, թե այդպես կարող է ամբողջ կյանքն անցնել, բայց զբոսաշրջիկներից մեկի հետ կապերը Տարիկոյին թույլ են տալիս Ռուսաստան ներմուծել «Martini»-ին 90-ականներին: Հաջողության գաղտնիքը կայանում էր նրանում, որ ոչնչից գլուխ չհանող Տարիկոն կնքում է էքսկլյուզիվ պայմանագիր և ստանում արտոնություն՝ որպես միակ ներկրողը: Արդյունքում այսօր կարողությունը կազմում է 1.4 մլրդ դոլար:

5.  Լլոյդ Բլանկֆայն աշխատում էր վաճառող բոյսբոլի Yankee մարզադաշտում, սակայն հիմա նա Goldman Sachs ընկերության գործադիր տնօրենն է: Այնուհետև, գումար հավաքելով, նա մտնում է անշարժ գույքի շուկա և արդյունքում այսօր կանգնած է Goldman Sachs-ի պես հսկայի ղեկին 16.1 մլն դոլար աշխատավարձով:

6.  Ռեյ Դալիոն քարշ էր տալիս գոլֆի մահակներն ու  գնդակները հարուստների ետևից: Շատ բարդ էր, բայց նաև հիանալի միջոց թեյավճար ստանալու համար: 12 տարեկանում կարծես թե շատ հարմար աշխատանք էր: Սակայն նման մարդկանց հետ շփումը միայն արդեն բավական էր Ռեյի համար, որպեսզի նա սկսի ուսումնասիրել ներդրումներ ոլորտն ու հիմնել իր սեփական Bridgewater Associates ֆոնդը, որն ամենահաջողակներից է աշխարհում 10 մլրդ դոլար կարողությամբ:

7. Չժեն Ինը Nine Dragons Paper ընկերության հիմնադիրն է, որն իր գործունեությունը սկսել է ԱՄՆ-ում և Չինաստանում աղբի միջից թուղթ հավաքելով: 80-ականներին թվականին սկսելով իր գործունեությունը՝ Չժենը հանդիսանում է Չինաստանի ամենամեծ կարտոնե տարաների գործարանների ղեկավարը: Կարողությունն այսօր 3.4 մլրդ դոլար:

8. Չարլզ Շվաբը պարզապես իր մեջքին ամեն օր տանում էր հունական ընկույզի պարկերը: Նա աշխատում էր Սակրամենտո քաղաքի ընկերություններից մեկում, սակայն փող կուտակելով՝ նա 1971 թվականին բացում է Charles Schwab Corporation բրոքերային ընկերությունը, որի կարողությունն այսօր գնահատվում է 3.5 մլրդ դոլար:

9. Սենդի Վայլը տեղեկատուներ էր բաժանում Նյու-Յորքում: 50-ականների կեսերին Նյու-Յորքը բում էր ապրում և մարդկանց համար անհրաժեշտ էին տեղեկատուներ, որն էլ մեծ հաջողությամբ վաճառում էր  Citigroup-ի ապագա ղեկավար Սենդի Վայլը: Բնական է, նա դրանով չէր սահմանափակվելու, ուստի սկսեց զբաղվել անշարժ գույքի վաճառքով, իսկ հետագայում դարձավ ամենախոշոր բանկի` Citigroup-ի գլխավոր տնօրենը:

10. 18 տարեկանում Դիտրիխ Մատեշիցը ընդունվում է Վիեննայի համալսարանի միջազգային առևտրի ֆակուլտետը: Նա այնքան վատ ուսանող էր, որ ուսմանը տրամադրեց ավելի քան 10 տարի և միայն 10-րդ տարում կարողացավ ավարտել համալսարանը: Համալսարանից հետո Մատեշիցը պրակտիկա անցավ Unilever ընկերության մասնաճյուղերից մեկում: Այստեղ նա զբաղվում էր օճառի վաճառքով ամբողջ Եվրոպայի տարածքում: Թայլանդում ատամի մածուկի դիստրիբյուտորից Մատեշիցը պարզում է, որ այստեղ էներգետիկ ըմպելիքները վաճառվում են ամենից արագ և հիմնականում բենզալցակայաններում, որտեղ հոգնած վարորդները անմիջապես գնում են: Իսկ ամենաշատ վաճառվող բրենդը Kratindaeng-ն էր, որը թարգմանաբար նշանակում էր “Կարմիր ցուլ”: Մատեշիցը որոշում է անձամբ փորձել այն և տպավորությունն այնքան մեծ էր, որ սկսեց անմիջապես գրառել տարայի վրա գրված հյութի բաղադրությունը: Բացի ջրից, շաքարից և կոֆեինից, բաղադրության մեջ կար նաև տաուրին, որը խթանում էր սրտի աշխատանքը: Այսօր նա ավստրացի միակ միլիարդատերն է, Red Bull-ի հիմնադիրը, որի կարողությունը կազմում է 5 մլրդ դոլար:

11.  Ջոն Անդերսոնը պոպ-կոռն էր վաճառում հոր վարսավիրանոցի կողքին, որը գտնվում էր կինոթատրոնի մոտակայքում: Նա հասկացավ, որ մրցակիցներին պետք է հաղթել հենց կինոթատրոնի ներսում ամենացածր գնով: Մի քանի տարի հետո Անդերսոնը հիմնեց Ace Beverage ընկերությունը, որը պետք է իրականացներ Budweiser  գարեջրի էքսկլյուզիվ վաճառքը Լոս Անջելեսի տարածքում:

12. Լու Գուանքյուն  Wanxiang Group-ի հիմնադիրն է, ով իր գործունեությունը սկսել է հեծանիվների պահեստամասերի վաճառքից: Իր ընկերությունն այսօր զբաղվում է ոչ թե հեծանիվների, այլ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով ամբողջ Չինաստանի տարածքում և ունի իր մեքենաների վաճառքի կայքը: Գուանքյուի կարողությունը գնահատվում է 1.1 մլրդ դոլար:

Հ.Գ. Այսպիսի միլիարդատերեր շատ կան, սակայն ես ընտրեցի ավելի տպավորիչ մարդկանց, որոնք մի ոլորտից տեղափոխվելով մեկ այլ ոլորտ, ստեղծել են իրենք իրենց: Գրառման իմաստը կայանում էր նրանում, որ երբեք մի վախեցեք սկսել սեփական բիզնեսը, քանի որ դա է միակ հարստանալու ճանապարհը: Մի ամաչեք Ձեր աշխատանքից, միգուցե հենց հաջողության առաջին քայլերն եք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել