Tert.am-ը գրում է․

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական և մամուլի տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե ԵՏՄ անդամակցությունից հետո ինչպես է պատկերացնում ՀՀ-ի համագործակցությունը ԵՄ-ի հետ, ասաց, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակադրվի Մաքսային միությանն անդամ դառնալու Հայաստանի գործընթացին: Իսկ հարցին, թե ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելուց հետո նահանջ կապրի, թե ավելի մեծ առաջընթաց կունենա, կատակեց. «Ես բյուրեղապակուց հատուկ սարք չունեմ, որ նայեմ ու ասեմ, մեկ տարուց հարցրեք՝ ասեմ»։

-Պարո՛ն Լորենց, տեղյակ լինելով Հայաստանի քաղաքական կողմնորոշմանը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչպե՞ս եք պատկերացնում ԵՄ-ի հետ ՀՀ-ի համագործակցությունը:

-Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխան որոշումը և պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակադրվի Մաքսային միությանն անդամ դառնալու Հայաստանի գործընթացին:

-Կարելի՞ է ասել, որ ԵՄ-ն սպասում է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրմանը, որպեսզի կողմնորոշվի, թե իրականում ինչ ոլորտներում կարող է Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցել:

-Անշուշտ, նախնական տարբերակի հետ, որն ինտերնետով է տարածված, ծանոթացել եմ, բայց նորմալ ընթացակարգ է դա, որ պետք է հայկական կողմը մանրամասն ներկայացնի, թե ինչպիսի հանձնառություններ է նախատեսում ստանձնել Մաքսային միության շրջանակներում, որպեսզի ըստ այդ հանձնառությունների մենք կարողանանք կողմնորոշվել և իրենք էլ ասեն, թե ինչպիսի ոլորտներում են ցանկանում համագործակցությունը շարունակել Եվրոպական միության հետ:

-ՀՀ-ում ԵՄ ծրագրերի կրճատում նախատեսվո՞ւմ է՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը։

-Փաստորեն վերանայում ենք մեր ծրագրերի մի մասը, քանի որ այդ ծրագրերը մշակված էին նախօրոք՝ Խորը և համապարփակ համաձայնագրի հիման վրա, հիմա որ դա չկա, պետք է վերանայենք այդ ծրագրերի ուղղվածությունը և այլն։ Բայց, այդուհանդերձ, եթե նայենք թվերին, ապա 2014-2017 թվականների համար մեր տրամադրած ֆինանսական աջակցությունը բավականին նշանակալի կարելի է համարել։

-Իսկ Դուք հավանական համարո՞ւմ եք ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը, հաշվի առնելով ձեր պատրաստակամությունը։

-Ինչպես արդեն նշվել է՝ մեր արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և նախարար Էդուարդ Նալբանդյանի համատեղ հայտարարության մեջ, մենք դեռևս պետք է փորձենք նոր իրավական հիմքեր ստեղծել հարաբերությունների հետագա զարգացման համար, քանի որ հիմքերը, որոնք հիմա կան, ստեղծվել են 1999 թվականին և արդեն ժամանակավրեպ են: Պետք է աշխատել նոր հիմքերի վրա, բայց այդ նոր հիմքերը կձևավորվեն, երբ մենք կոնկրետ իմանանք, թե ինչպիսի ուղղություններով է Հայաստանն առաջ շարժվել Մաքսային միության առումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել