Ես այս տարի  սեպտեմբերս  սկսեցի ՛՛ուսանող՛՛  կոչման հետ միասին: Ամեն ինչ անծանոթ էր, տարօրինակ, շատ հաճախ ՝ նույնիսկ սարսափելի : Դպրոցից հետո դժվար է միանգամից հասկանալ համալսարանի  լրջությունը, դասախոսների  պահանջները, մթնոլորտը : Բայց, ի վերջո, ամեն ինչ շատ արագ հաղթահարվում է :
Եվ ինձ էլ,  որպես առաջին կուրսեցու,  այս տարվա դիմորդները շատ հարցեր են ուղղում : Հետաքրքրվում են՝ ինչպիսին է  համալսարանում մթնոլորտը, ինչպես են կառուցվում դասերը, ինչ պահելաձև ունեն այլ ուսանողները : Քանի որ  չեմ կարողանում բոլոր հարցերին պատասխանել (զբաղված մարդ եմ, ուսանող եմ վերջիվերջո :D ) որոշեցի բոլոր հարցերն  ամբողջացնել ու փորձել  նկարագրել  ընդհանուր պատկերը գրառմանս մեջ : Կարծում եմ՝ շատերի համար սա օգտակար տեղեկություն կլինի, ուրիշներն էլ ուղղակի կհիշեն իրենց ուսանողական առաջին օրերն ու  կժպտան :  Դե ինչ, եկեք սկսենք:

Եկեք սկսենք կարևորից. ոչ մեկին մի լսեք:  Ոչ լսեք դրական  կարծիքները, ոչ էլ, առավել ևս, բացասականները : Դասերը սկսեն՝ ինքներդ կարծիք կկազմեք : Թույլ մի տվեք , որ ձեզ ենթագիտակցորեն ինչ-որ վերաբերմունք ստիպեն : Հետո, հնարավոր է, հենց դրա պատճառով էլ մեծ հիասթափություն ապրեք : Այսպիսով  կանոն համար առաջին. քույրիկին, մայրիկին, հարևանի աղջկան չենք լսում :  Բոլոր կարծիքներին  պատասխանում ենք . ՛՛Գնամ դասի՝  կտեսնեմ, թե  ինչպիսին է համալսարանը ՛՛ :
Ոչ մեկ ձեզ չի ստիպում համալսարանում սովորել: Եկեք վերջապես  վերջ դնենք այն մտածելակերպին, թե համալսարանում սովորելը պատվի հարց է : Այստեղ չկա պատվի հարց, կա  միայն ցանկություն : Եթե դուք արդեն իսկ համալսարանում եք, ուրեմն անիմաստ է խոսել այն մասին, որ չսովորելու մասին խոսք գնալ չի կարող : Համալսարանում ենք, ուրեմն՝ սովորում ենք, այն էլ՝ հաճույքով ու սիրով :
Փորձեմ առաջին ընդհանուր  զգացողությունները նշել : Նախ՝ առաջին օրը ձեզ զգալու  եք բավականին լարված : Հնարավոր է, որ  այդքան էլ չկաշկանդվեք: Բայց լարվածություն անպայման լինելու է . նոր միջավայր, անծանոթ կուրսեցիներ և այլն : Դա էլ հերիք չէ՝ ինչ-որ անծանոթ մարդիկ են գնում-գալիս : Առաջին անգամ  համալսարան ոտք ես դնում բավականին վախեցած հայացքով, որովհետև քեզ թվում է, թե դու էդտեղ ամենափոքրն ես :D բոլորը մե՜ծ են, աղջիկները շպարվա՜ծ, տղաները թրաշներով, լուրջ-լուրջ հագնված....Բռռռ : Սարսափելի է : Այս զգացողությունը հաջորդ օրը կքչանա, երրորդ օրն արդեն ընդհանրապես կվերանա (Ես ինքս այսօր համալսարանում արդեն էնպես էի քայլում, կարծես համալսարանի տերը ես լինեի :D )  :
Հիշեք. հայաստանյան և ոչ մի համալսարան Քեմբրիջ ու Օքսֆորդ չէ : Երբ մտնեք համալսարան դուք չեք տեսնելու  իրար գլխի հավաքված խմբեր, ովքեր պարապում են , ամենուր գրքերը ձեռքներին  ուսանողներ և այլն : Սա թողնում ենք գրքերում ու ֆիլմերում : Սրա փոխարեն դուք կտեսնեք  իրար գլխի հավաքված տղաների, որոնք ծխում ու թքում են , թիթիզիկ աղջիկների, ովքեր երկու վայրկյանը մեկ  ուղղում են իրենց հագուստն ու սանրվածքը, և մարդկանց, որոնք այդպես էլ չեն հասկանում,թե ինչ գործ ունեն տվյալ տարածքում. նման մարդիկ, հավատացեք, շատ են :   Փորձեք հնարավորինս  օբյեկտիվ նայել համալսարանին :  Դուք չեք եկել, որ դիտեք ձեր շուրջբոլորն ու անիծեք ձեր բախտը, որովհետև տվյալ երիտասարդների խումբը ուղտից ավելի լավ է թքում : Սա ձեզ չպետք է հետաքրքրի:  Հիշեք. դուք եկել եք սո-վո-րե-լու ! Մնացած ամեն բան երկրորդական է : Դրա փոխարեն փորձեք արագ ճշտել դասացուցակն ու գործի անցնել :
Կուրսեցիների հետ  շփման  ժամանակ շատ են շեշտում, որ խնդիրներ են լինում : Ինքս հասկացա, որ սա   սխալ է :  Շատ կարևոր է  հենց ձեր պահվածքը :   Հիշենք, որ լավագույն զենքը ժպիտն է : Զինվում ենք ժպիտով ու  սկսում ծանոթանալ :  Հիշեք, որ դուք ոչ մեկից լավը չեք ու ոչնչով չեք  առանձնանում . ձեզ բարձր մի դասեք ու գոռոզ մի պահեք : Ոչ էլ պետք է ավելորդ շողոքորթությունը: Ավելորդ ուշադիր լինելն ու սիրալիր ձևանալն ի վերջո սրտխառնոց է առաջացնում :  Ուղղակի փորձեք ամեն մեկի հետ ծանոթանալիս հիշել, որ նա անհատականություն է :  Հարցրեք անունը, հետաքրքրվեք  որտեղից է, միքիչ  խոսեք և այլն  : Սա առաջին հանդիպման համար լավ սկիզբ է : Պետք չէ անկյունում կուչ գալ ու սպասել, թե երբ ձեզ կնկատեն : Հենց դուք արեք առաջին քայլը , սկսեք շփվել ձեր կողքին նստած աղջկա կամ տղայի հետ ու կտեսնեք, թե ամեն բան ինչ հեշտ ու արագ է  կառուցվում : Կրկնում եմ՝ մի շողոքորթեք ու  անբնական սիրալիրություն  նույնպես պետք չէ : Խոսքը սովորական, հասարակ ժպիտի ու կուրսեցիների ծանոթության մասին է : Բնական եղեք :
Կուրսում  լինելու են խմբավորումներ, առանց սրա անհնար է : Բայց պետք չէ դրան հիվանդագին նայել : Ոչ մի խնդիր չկա : Բոլորս էլ մեկի հետ շատ մոտ ենք, մյուսի հետ՝ միքիչ ավելի քիչ,  հաջորդի հետ ուղղակի տաք ժպիտներով ենք փոխանակվում , իսկ այ մյուսի անունն էլ հաճախ ենք շփոթում....Խնդիր չկա :  Եթե կան խմբավորումներ, դա չի նշանակում, որ խմբերը չպիտի շփվեն իրար հետ :  Շփումը պահպանվում է . բոլորի հետ  փորձեք շփման դրական սահման պահպանել : Հետաքրքրվեք,  խոսեք, հետո էլի գնացեք ձեր ավելի  մոտ ընկերների մոտ :  Այստեղ ոչ մի խնդիր, իրականում, չկա : Միայն թե պետք է սրան խելամիտ մոտենալ : Շփման մեջ նույնպես գրագետ եղեք)))))
Դասախոսների հետ  կապված  ամենատարածված սխալն այն է,  որ նրանց ընդհանրացնում են. բոլորը վատն են, բոլորը խիստ են : Դասախոսներին էլ պետք է անհատական  մոտեցում ցուցաբերել :
Առաջին օրն է, ծանոթանում եք դասախոսի հետ  : Ուշադիր լսեք նրան, նա խոսքի ընթացքում կնշի այն ամենը, ինչ իրեն հարկավոր է . դասերից չուշանալ, չբացակայել : Կան դասախոսներ, որոնք կարևորում են տնային աշխատանքները, ոմանք՝ բանավոր պատասխաննաերը և այլն :  Ամեն դասախոսի հետ առանձին ՛՛աշխատեք ՛՛ ու փորձեք կատարել այն  ամենը, ինչ նա հանձնարարում է : Նման պարագայում խնդիր չեք ունենա :  Եթե դասախոսը տեսնի, որ դուք ունեք սովորելու ցանկություն՝ կօգնի ձեզ : Իսկ եթե տեսնի, որ անտարբեր եք, ուղղակի թքած կունենա ձեզ վրա : Համալսարանում, ինչպես կյանքում, ամեն ինչ փոխադարձ  է : Ցույց տվեք անկեղծ հետաքրքրասիրություն ու դասախոսը ձեզ կխեղդի գիտելիքի մեջ :D   Իսկ դժվարություններից էլ վախենալ պետք չէ : Մի մոռացեք, մենք չենք գնում համալսարան   դիպլոմի կամ էլ սրան-նրան նայելու ու քննարկելու համար : Մենք համալսարան ենք եկել, որ սովորենք , չիմացածն էլ լրացնենք :  Ոչ մի վայրկյան չամաչեք նրանից, որ ինչ-որ բան չգիտեք : Չգիտեք՝ կսովորեք :Նաև նշեմ, որ դասախոսները շատ  ժպտերես են ու շատ ժամանակակակից : Օրինակ՝ իմ մի դասախոսը դասի ժամանակ կարող է  պարզապես սեղանին նստել ու մեզ հետ զրուցել, իսկ երբ բանավոր պատասխանների ժամանակ զգում ես, որ  տվյալ նյութը քեզ հետաքրքիր չէ , կարող ես հեռախոսով երաժշտություն լսել, գիրք կարդալ :  Դասախոսներից վախենալ պետք չէ, նրանք իսկզբանե ուսանողի նկատմամբ վատ տրամադրված չեն լինում : Ճիշտ մոտեցում, գրագետ պահվածք ու վերջ, էլ ոչ մի խնդիր :
Ահա այսքանը )))) Միքանի օրվա ընթացքում հասցրել եմ այսքան բան ուսումնասիրել : Հուսամ՝  գրառումն օգտակար կլինի :  Կարևորը՝  սիրով ընտրեք ձեր  մասնագիտությունն ու ամեն ինչ շատ լավ ու արագ կդասավորվի :
Դե ես էլ դասավորեմ պայուսակս, ընտրեմ հագուստս, գրեմ վաղվա գրաֆիկս  ու գնամ քնելու : Հա, քունն էլ կարևորեք, առավոտյան էլ անպայման նախաճաշեք .  սկզբնական շրջանում շատ  ծանր է լինում, շատ արագ եք հոգնելու : Հիմա էլ աչքերս փակվում են: Մոտ մեկ շաբաթ անց օրգանիզմս արդեն կսովորի արագ տեմպին : Դե ինչ, ձեզ ասում եմ առայժմ , ես էլ գնամ պատրաստվեմ վաղվա  օրվան, ուսանողի առօրյայիս))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել