Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը գտնում է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, ԵԽԽՎ-ում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին բարձրաձայնումըպայմանավորված է Ադրբեջանում իշխող ռեժիմի հալածանքների նոր ալիքի հետ, որն իրականացվում է տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ։

«Իրավիճակն այնքան է ահագնացող դարձել, որ դրա մասին բացահայտ խոսում են ոչ միայն ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ, այլ նաև նախագահ Օբաման հստակ հայտարարում է, որ Ադրբեջանի նման պետություններին պետք է ներառել բռնապետական երկրների շարքում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ նման իրավիճակը Հարավային Կովկասում անընդունելի է ԱՄՆ-ի համար, հատկապես հիմա, երբ, ըստ էության, աշխարհաքաղաքական մրցակցությունը բավական սրվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի շուրջ տեսնել իր համար հասկանալի կառավարման մոդելներով հնարավոր դաշնակից երկրներ։

«Ադրբեջանն իր այսօրվա քաղաքականությամբ և բռնապետական իշխանությամբ չի կարող լինել ԱՄՆ-ի համար վստահելի երկիր և ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին պահել վերահսկողության սահմաններում»,-ասաց նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ Եվրոպայի վերաբերմունքի խստացումն էլ Ադրբեջանի նկատմամբ նույն պատճառներով է պայմանավորված։ «Այն աստիճան է սրվել իրավիճակն Ադրբեջանում, որ այլևս չնկատել հնարավոր չէ։ Եթե մի երկիր ունի բնական ռեսուրսներ, դա դեռ չի նշանակում, որ արևմտյան իշխանությունները պետք է աչք փակեն այնտեղ տիրող խնդիրների վրա։ Ըստ էության, արևմտյան երկրների հասարակություններն իրենց իշխանություններին նույնպես պահանջում են այդ հարցերում ավելի պահանջկոտ լինել»,-ասաց նա։

Հարցին, թե փորձը ցույց է տալիս, որ շահերից ելնելով միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա, հնարավո՞ր է այս դեպքում այլ քաղաքական նկատառումներից ելնելով է վերաբերմունքը խստացրել, քաղաքագետը պատասխանեց.«Իրավիճակը տարածաշրջանում լարված է և բոլորին անհրաժեշտ է տեսնել ավելի կանխատեսելի Ադրբեջան։ Նախկինում Ադրբեջանի հալածանքները երկրի ներսում այս մակարդակի չեն եղել, ինչն ակնհայտ է արդեն Եվրոպայի համար, քանի որ տեսնում ենք, թե որքան շատ հրապարակումներ, հայտարարություններ են լինում տարբեր մակարդակի քաղաքական գործիչների շուրթերից հնչող։ Այլևս այդ իրավիճակը հնարավոր չէ կոծկել և անտեսել»,- ասաց նա։

Հրանտ Մելիք–Շահնազարյանը բնական է համարում, որ ցանկացած գերտերություն փորձում է հարևան երկրներում մեծ ազդեցություն ունենալ։ «Մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները խուսափում են ցանկացած տիպի ինտեգրացիոն գործընթացներից՝ կլինի Եվրոպական միության, թե Եվրասիական միության հետ և փորձում են ինքնուրույն տնօրինել իրենց բնական ռեսուրսները»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել