Դեպրեսիան համարվում է հիվանդություն և ենթադրում լուրջ բուժում։ Այն անդրադառնում է մարդու ամբողջ օրգանիզմին՝ և՛ հոգեբանական ոլորտին, և՛ ֆիզիոլոգիական։ Հոգեբանական դրսևորումների մեջ կարող ենք նշել ճնշված տրամադրությունը, անընդհատ տխրությունը, հուսահատությունը, ձանձրույթը, տագնապը, ներքին լարվածությունը, գրգռվածությունը, մեղքի զգացումը, ինքնամեղա դրումը, ինքնագնահատականի անկումը, հաճույք ստանալու անկարողությունը և այլն։ Ֆիզիոլոգիական դրսևորումների մեջ կարող ենք նշել քնի խանգարումը (անքնությունը կամ քնկոտությունը), ախորժակի փոփոխությունը, աղիների աշխատանքի խանգարումը (փորկապություններ), սեքսուալ ակտիվության նվազումը, թուլությունը, շուտ հոգնելը, մարմնի տարբեր մասերում ցավերը։

Դեպրեսիայով տառապող մարդիկ սովորաբար չեն ուզում սոցիալական շփումներ ունենալ, մեկուսանում են, հրաժարվում են հաճույքներից, հիմնականում բացասական հույզեր և մտքեր են ունենում։ Առավել սուր դեպքերում մարդիկ դիմում են ալկոհոլի կամ թմրանյութերի «օգնությանը»։ Իսկ շատ սուր դեպքերը կարող են հանգեցնել անգամ ինքնասպանության։

Մարդիկ շատ դժվար են նկատում, որ դեպրեսիայի մեջ են։ Նրանք հակված են դա մեկնաբանել որպես վատ բնավորություն, տխրություն, ալարկոտություն և այլն։ Գուցե վերը թվարկածից շատ բաներ գտաք ձեր բնավորության մեջ։ Դա նորմալ է, բոլոր մարդիկ էլ երբեմն չեն ուզում շփվել մարդկանց հետ, տխրում են, հուսահատվում են, լարվում և այլն։ Դրանք նորմալ մարդկային ապրումներ են, սակայն եթե դրանցից շատերը միաժամանակ են հանդես գալիս և բավականաչափ երկար ժամանակահատվածում, գուցե անհրաժեշտություն կա մասնագետի դիմելու՝ հասկանալու համար՝ արդյո՞ք դա դեպրեսիա է, թե՞ ոչ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել