Սիրելի մանկավարժներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով, ցանկանում երկար տարիների բեղմնավոր աշխատանք, և թող ձեր ազգանվեր գործունեության, ձեր առաքելության արգասիքը հպարտության զգացումով ողողի ձեր էությունը:
Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, դարեր շարունակ, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ:
Դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց և պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, արվեստագետին, պետական ու հասարակական գործչին, մի խոսքով` իսկական քաղաքացուն, ով կկերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան։
Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի ավանդը, վաստակը, ուսուցչի կերպարն ու դերը: 
Այսօր դուք, սիրելի մանկավարժներ, հաղթահարելով առկա խնդիրները, արժանապատվորեն ու նախանձախնդիր իրականացնում եք ձեր վսեմ առաքելությունը:
Շնորհավորանքիս հետ մեկտեղ երախտագիտորեն մաղթում եմ ձեզ ոգու անսահման կորով, հավատի անսասանություն, ըստ արժանվույն գնահատված լինելու բավականություն, քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն ու ձեր սաներով հպարտ լինելու հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել