«Տղամարդավարի քվեարկելը իհարկե լավ է, բայց ամեն ինչի համար պետք է փորձ», - Գ. Սահակյան

«Տղամարդավարի քվեարկելը իհարկե լավ է,
բայց ամեն ինչի համար պետք է փորձ», –
Գ. Սահակյան

ԵՐԵՎԱՆ – Չորեքշաբթի օրը ԱԺ նիստի ժամանակ գեներալ Սեյրան Սարոյանի հնչեցրած մտահոգությունը արդեն տվել է արդյունքներ: ԱԺ ղեկավարությունը խոստացել է մտածել ինչ-որ մի բան ժողովրդի սրտով անելու նախաձեռնության մասին:

Կառավարությունը, սակայն, վերապահումներով է ընդունել առաջարկը: Կառավարության խոսնակ Ալեքսանդր Շտունցը կարծում է, որ նման բան անելու համար պետք է փորձ, որն այս դեպքում չկա: «Մենք բնականաբար դեմ չենք ինչ-որ օգտակար բան անելուն, բայց դա այդքան սպոնտան չեն անում: Մենք նորանկախ պետություն ենք… Դեռ մի հինգ-վեց տարի պետք է, որ կառավարությունը սկսի նաև ժողովրդի սրտով` լավ բաներ անել», – նշեց կառավարության խոսնակը:

ԱԺ խոսնակը խոստացել է ուսումնասիրել «ժողովրդի սրտով» որոշումներ կայացնելու միջազգային փորձը: Գալուստ Սահակյանը նշել է. «Դա այդքան, ուրեմն որպես գործառույթ հեշտ չէ իրականացնելի դարձնել: Նախ պետք է հասկանանք ինչ է նշանակում «ժողովրդի սրտով», ով է այդ սիրտը և ինչու չի կարելի այն տեսանելի դարձնել… Նաև ուսումնասիրենք

«Անսպասելի քայլը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել երկրում», - ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար:
«Անսպասելի քայլը կարող է լուրջ ցնցումներ
առաջացնել երկրում», – ՀԲ հայաստանյան
գրասենյակի ղեկավար:

ինչպես են ընդունում նման որոշումներ: Մենք գիտենք, որ Նորվեգիայում կա հետաքրքիր փորձ, որով ընդունվել են որոշումներ, որոնց դեմ չէր ժողովուրդը: Մենք արդեն խումբ ենք ուղարկել Նորվեգիա, ուսումնասիրելու այդ փորձը: Ես էլ կգնամ Նորվեգիա: Ես վաղուց ուզում էի այնտեղ գնալը իրականացվելի դարձնել»:

Ընդդիմությունը զգուշավոր լավատեսությամբ է արտահայտվում նոր նախաձեռնության մասին: Ժառանգության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ միտքը լավն է, բայց փորձի բացակայությունը կարող է տապալել քայլը: «Իհարկե լավ կլիներ օգնել փոքր ձեռնարկատերերին, վաճառականներին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե կառավարությունը փորձի օգնել, ապա ոնց էլ լինի մի ձև #աքի համը կհանեն » , – կարծում է Հակոբյանը:

Միջազգային հանրությունը ևս զգուշացնում է կառավարությանը չդիմել քայլերի, որոնք դեռ ուսումնասիրված չեն: Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Լումպարդո Դե Գարսիա Զախկալունգոն կոչ է անում պատասխանատվությամբ մոտենալ որոշմանը: «Օգտակար որոշում կայացնելը շատ պատասխանատու և բարդ քայլ է: Հայաստանի կառավարությունը դեռ չունի համապատասխան փորձ, ինչը վտանգավոր է դարձնում այդ նախաձեռնությունը», – նշեց բանկի ներկայացուցիչը:

Ազգային ժողովը նաև չի բացառում, որ ինչ-որ լավ բան անելու պրակտիկան կարող է դառնալ ավանդույթ և տարին մեկ անգամ իրականացվել օրենսդրական մակարդակով: «Չենք ասում միանգամից, բայց մի 10-20 տարուց կարող ենք ստեղծել մի իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի ժողովրդին չվնասող օրենք ընդունել տարին մեկ, ինչու չէ, երկու անգամ», – բացատրում է ԱԺ խոսնակի խոսնակը:

Չնայած տարակուսանքներին` կառավարությանը համեմատաբար մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ վճռականություն կա և շուտով կլինեն առաջին օգտական որոշմանն ուղղված քայլերը: Չի բացառվում, որ հրավիրվեն միջազգային փորձագետներ, որոնք կհուշեն` ինչպես իրականացնել այդ քայլը առանց ավելի շատ վնաս տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել