Երեկ Կառավարությունը ծավալուն զեկույցով պատասխանել է Ընդդիմության 12 պահանջներին։ Կարելի էր այդքան չչարչարվել ու մենակ մեկ բառով պատասխանել՝ «փախա՜ք» (ներողություն ժարգոնի համար), որովհետև պատասխանի բովանդակությունը հենց դա էր։

Սա բարդ իրավիճակ է ստեղծում Եռյակի ու հատկապես ԲՀԿ-ի համար, որովհետև եթե այսպիսի պատասխանից հետո նրանք վճռական փոփոխության չգնան իրենց չափավոր դիրքորոշման մեջ, ապա գոռական լեզվով ասած՝ «կփչանան»։ Ու սա ավելի բարդ կացություն է ստեղծում ընդդիմության ու հատկապես ԲՀԿ-ի համար՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։

Եթե Ժառանգության ու առավել ևս ՀԱԿ-ի համար մեծ խնդիր չէ նախագահի ու առավել ևս կառավարության հրաժարական պահանջելը և ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը դեմ հանդես գալը, ապա ԲՀԿ-ի համար խնդիր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, որովհետև ի տարբերություն մյուս երկու գործընկերների, ԲՀԿ-ն մեծապատիվ մուրացկանի կարգավիճակում չի ու կորցնելու շատ բան ունի՝ իշխանությունների հետ բաց առճակատման գնալու դեպքում էլ, Ռուսաստանի գեոպոլիտիկ շահերին հակադրվելու դեպքում էլ։

Մյուս կողմից, եթե ամսի 10-ին ԲՀԿ-ն իր հանրահավաքում սկսի րաֆֆիություն անել, ապա էապես կնվազի նրա էլեկտորատային պոտենցիալը ու ավելի կարմատանա հերթական ջուր ծեծող ուժի իմիջը։ Անպես որ, ԲՀԿ-ն բարդ երկընտրանքի առաջ է, որից դուրս գալու երկու լուծում կա ԲՀԿ-ի համար՝ վատ ու ավելի վատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել