Շրջանառության հարկի շուրջ առաջացած թնջուկի մասին.
Կառավարությունը ցանկանում է փաստաթղթավորել փոքր և միջին բիզնեսի գործունեությունը` վերահսկելով մանրածախ շուկան և դրանով թափանցիկ դարձնելով մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների ֆինանսական գործունեությունը: Բանաձևը պարզ է. փոքրը ապրանքը մեծածախից գնելու դեպքում պահանջելու է փաստաթուղթ, ինչը տալու դեպքում մեծածախը ստիպված է լինելու ցույց տալ շրջանառության իրական ծավալները` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Որպես իրավաբան ինձ համար ամբողջովին հասկանալի և ընդունելի է կառավարության դիրքորոշումը` փաստաթղթավորել առևտրային շրջանառությունը, բայց չեմ կարողանում հասկանալ խոշոր կապիտալի վրա հիմնված և դրա շուրջը հավաքված այլ քաղաքական միավորների կողմից բարձրացրած աղմուկն ու հասարակական դժգոհությունը:
Մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք այստեղ գործ ունենք պարզունակ սպեկուլյացիայի և մանր մերկանտիլ շահի առաջ մղման հետ:
Խոշոր կապիտալի վրա ձևավորված քաղաքական ուժին և դրա շուրջը հավաքված խոշոր ձեռնարկատերերին ոչ մի պարագայում ձեռնտու չի այս օրենքի գործողությունը, որովհետև իրենք կամ ամեն դեպքում փոստաթղուրթ չեն տրամադրելու և հայտվելու են պետական մարմինների նշանառության թիրախում, կամ էլ տրամադրելու դեպքում հնարավորություն չեն ունենալու ստվերում պահել իրենց շրջանառությունը` շարունակելով խուսափել հարկերի վճարումից:
Իսկ այս օրենքից դժգոհող փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքում են երկու պատճառով.
1. նրանց իրական շրջանառությունը գերազանցում է 58 մլն. դրամը և շրջանառությունը փաստաթղթավորելու դեպքում ստիպված պետք է անցնեն ԱԱՀ վճարման դաշտ;
2. վստահ են, որ մեծածախը չի տրամադրելու փաստաթղթեր, ինչի արդյունքում նրանք ենթարկվելու են տույժերի և տուգանքների:
Ուրիշ որևէ պատճառ բողոքելու փոքր և միջին ձեռնարկատերերը չունեն, եթե իհարկե ուղղորդված չեն տարբեր քաղաքական և ֆինասնական կենտրոնների կողմից:
Իսկ ԲՀԿ-ի շուրջը հավաքված մնացած քաղաքական ուժերը ընդամենը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից` դասական պոպուլիզմով իրենց ցածր վարկանիշը բարձրացնելու համար:
ԻՆչպես տեսնում ենք շահերը համընկել են, բայց ոչ հանուն պետության և ժողովրդի, այլ հանուն խոշոր կապիտալի շահի և ստվերի պահպանման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել