Քաղաքական ուժերի ընդդիմադիր քառյակը, ներառյալ քաղաքական դաշտում մինչ այժմ անհայտ հիբրիդ «այլընտրանքը», այս առթիվ հրապարակեցին իրենց փոփոխությունները` 
1. տոնավաճառների առեւտրականները կամավորության սկզբունքով կարող են անցնել 1 տոկոս հարկման դաշտ, իսկ չցանկացողները մնան 3,5 տոկոս հարկման դաշտում, 
2. շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացնել 120 մլն դրամի:
Հատ առ հատ անցնենք կետերով.
1. Նախ` առաջարկելով պահպանել 3,5 տոկոսը, ընդդիմադիր կուսակցությունները, փաստորեն առաջարկում են պահպանել ստվերային ահռելի շրջանառությունը տոնավաճառներում, մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորությունը, անհավասար մրցակցությունը մյուս տնտեսվարողների հետ: Սրանով միաժամանակ պահպանվում են այս երեւույթների դեմ խոսելու եւ կառավարությանը «ստվերի» եւ «օլիգարխների» դեմ պայքարել «չցանկանալու» համար մշտական քննադատությամբ հանդես գալու հնարավորությունները:
Ավելացնեմ առեւտրի ոլորտում երկու տոկոսադրույք պահելը` 3,5 տոկոս եւ 1 տոկոս ոչ այլ ինչ է, քան անհավասար հարկային եւ մրցակցային դաշտի ստեղծում, դրանից բխող բացասական հետեւանքներով: Տոնավաճառները, ի տարբերություն մյուս առեւտրային օբյեկտների, կհայտնվեն ավելի մեծ ստվերում:
2. Շրջանառության շեմը 58 մլն դրամից 120 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է ստեղծում խոշոր տնտեսվարողների համար ավելացված արժեքի հարկից ավելի թեթեւ` շրջանառության հարկի դաշտ անցնելու համար: Այսինքն, սա քայլ է խոշոր բիզնեսի ստվերը խորացնելու եւ ավելացնելու ուղղությամբ: Չարժե մեկ անգամ եւս նշել այն օլիգարխի անունը, որ ունի ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերություններ եւ այս փոփոխության դեպքում, դրանք հարկման ավելի թեթեւ դաշտ տեղափոխելու հնարավորություն է ստանում: Այլապես անհասկանալի է, թե տարեկան մինչեւ 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող մոտ 40 հազար տնտեսվարողներից քանիսի շրջանառությունը փաստաթղթերով աշխատելու դեպքում կարող է գերազանցել 120 մլն դրամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել