«Հայերը գիրք մը ունին: Անոնց ամենագեշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամենեն ավելի անբարոյական գիրքն է ան – Նարեկը»: Շահան Շահնուր

Այդ գրքում չկա հայրենիք և ազգ: Կան հոգու գերեզմանափորի սառնասրտությամբ մատուցվող գաղափարներ, որ ամենուր ապազգայնացում են սփռում: Իրական աշխարհի ընկալման բացակայությունը, ճիչերն ու լացերը, աղոթքներն ու զգայական երկրպագությունները սպանում են հային, մերժելով և՛ կյանքը, և՛ մահը: Բոլոր պատճառների որոնումները հասցնում են հուսահատության և հանգեցնում ելքի՝ ստի հանդեպ հավատի: Խորքում՝ բարեկամի անվան տակ թաքնված է խաբկանքը:
Թշնամուն ավելի թանկ են վճարում, քանի դեռ նրան վերաբերվում են որպես բարեկամի: Իսկ բացահայտ թշնամու հանդեպ սերը պահանջում է, որպեսզի անվերապահորեն զոհաբերվի նախ բանականությունը, այդ դեպքում բարոյականությունն ինքն իրեն կանհետանա:
Նարեկացին հայ տեսակի ձևափոխողներից է, հայի հոգեկերտվածքը խեղող մի մտավորական, որ հմտորեն որսում-փչացնում է առողջ ոգին:
Ունենալով հարուստ բառապաշար, վառ երևակայություն և ասելիքի պատկերավոր մատուցման նուրբ մշակույթ, Նարեկացին գեղեցիկ բառերի ու պոետիկ բարեոճ մտքերի համադրումով վարպետորեն կարողացավ հմայել, ապա կրոնական բազում օրինակներով թուլացնել-հիվանդացնել հային: Անընդհատ վկայակոչելով իր հրեա աստծուն ու սրբերին, Մարդու ցանկացած կենսունակ արարքի հանդեպ վախ ու կասկած սերմանելով նա լրացրեց իր անվանակիրի բացը.- հային ներշնչեց օտարածին մեղքի զգացումը: 
Վաղ և ուշ միջնադարյան մենաստանների այդ երկու վիժվածքները, հայ ոգու դահիճները, եկեղեցու միջոցով փայլուն կատարեցին բիրտ ուժերի հանձնարարությունը՝ արգելափակեցին հայի պայքարելու ձգտումը: Հատկապես երկրորդ սուրբ գիրք համարվող և բանաստեղծական բարձր արժեք ունեցող «Նարեկը», հայ մտավորականներից բուծեց հնազանդ անհատների զանգված և ինքնուրույնությունից զուրկ, կրոնական մեղքի տակ ծանրացած, ցեղասպանվելու պատրաստ մի խղճուկ ժողովուրդ:
Միայն դարեր անց՝ Րաֆֆու հայտնությամբ է, որ բացվեցին Նարեկացու խցում բանտարկված հայ հոգու պատուհանները և հայրենասիրության ու պայքարի թարմ օդը լցվեց ներս: Այդու հարկ է որ հայրենասեր հայը, որևէ առիթով եկեղեցի գնալիս բաժակ բարձրացնի ու կրկնի հայրենաշունչ գրողի սթափության կենաց-կոչը.
-Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…
Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել