Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն կարծես թե 90-ականներում է մնացել ու չգիտի, որ մենք վաղուց արդեն 21-րդ դարում ենք։ Պարզվում է, որ ինտելեկտ ու բարեսրտություն ճառագող դեմքով այս մարդը մինչև հիմա իր դստերը համալսարան ճամփում է երկու թիկնապահների ուղղեկցությամբ։ Դա էլ հերիք չէ, թիկնապահները սպասում են նրա VIP դստերը միջանցքում՝ մինչև դասերի ավարտը։ Ու դա էլ հերիք չէ, Էդոն իր հաստավզերին երևում է չի հրահանգավորում, որ իրենք գոմում չեն, այլ ԲՈւՀ-ում...

«Հրապարակ»-ը գրել է, որ օրերս մի սկանդալային միջադեպ է եղել ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Էդոյի բակլանները՝ միջանցքում սպասելիս սկզբում կոնֆլիկտ են ունեցել ամբիոնի վարիչներից մեկի հետ, իսկ հետո նաև դեկանի ու թեև դեկանը ցրում է այս խոսակցությունները (ինչը հասկանալի է, քանի որ նրա հարազատ եղբայրը ԲՀԿ-ից է), վստահ եմ, որ նման բան իրոք եղել է։

Հիմա հարց «ախռաննիկ Էդոներին». պարոնայք, այդ ի՞նչ ֆետիշ է ձեր երեխաներին թիկնապահների ուղեկցությամբ դասի ուղարկելը, թիկնապահներին մինչև դասերի վերջ հերթապահության նշանակելը ու կարգուկանոնի մասին չհրահանգելը։ Էդ ձեր զավակները երբվանի՞ց այդպիսի հույժ կարևոր կերպարներ դարձան, որ քսանչորսժմյա պահպանության կարիք ունենան։ Այդ ի՞նչ վտանգ է նրանց սպառնում, որ մի երկու հատ եզ էլ կցում եք՝ նրանց պահպանելու համար։ Ասեք հասարակ մահկանացուներիս՝ մենք էլ իմանանք... գուցե ԲՈւՀ-երը այնքան վտանգավոր տեղ են, որ մենք էլ որոշենք թիկնազոր վարձել, կամ էլ չթողենք գնան այդ վտանգավոր տեղերը...

Իսկ եթե լուրջ, սա 90-ականններից ու 2000-ականների սկզբից մնացորդներ են ու թիկնապահը այս պարագայում ոչ այնքան կատարում է պաշտպանական գործառույթ, ինչքան ընդգծում է որոշ գեղացիների սոցիալական կարգավիճակը։

Ամփոփելով, խոսքս ուզում եմ ուղղել ԵՊՀ-ի ու բոլոր ԲՈւՀ-երի ղեկավարությանը. բացառեք նման երևույթները ձեր հաստատություններում ու կտրականապես արգելեք «ախռաննիկ» կոչվածների մուտքը՝ գիտելիքների շտեմարան։ Շատ են ուզում իրենց շեֆերի զավակներին հսկեն, թող դուրսը սպասեն։ Վստահ եմ, հանրային աջակցությունը երաշխավորված է, եթե գնաք նման քայլի ու ոչ ոք չի հանդգնի ձեզ ասել, որ ձեր աչքի վերևը ունք կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել