Հարցը

-Ինչպես է վարչական բողոքի հիման վրա հարուցվում վարչական վարույթը Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններում և ինչ որոշում կարող է ընդունվել հարուցված վարչական վարույթի արդյունքում

Վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է քաղաքացու կողմից բողոքը վերադաս վարչական մարմնի համապատասխան բաժին  մուտքագրելու օրը:  Վերադաս վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել արդյոք պահպանված են բողոք բերելու համար սահմանված պահանջները: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքում վերադաս վարչական մարմինը համարվում է Երևանի քաղաքապետարանը, որը պարտավոր է վարույթ հարուցելուց հետո վարույթն իրականացրած վարչական մարմնից, այսինքն` 12 վարչական շրջանների այն վարչական շրջանից, որի կայացրած վարչական ակտի, որի կայացրած վարչական ակտի, գործողության կամ անգործության դեմ բերվել է բողոքը,  անհապաղ պահանջել վարչական վարույթի վերաբերյալ  գործը (նյութերը): Վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս վարչական մարմին, այսինքն՝ Երևանի քաղաքապետարան:

Վարչական բողոք ներկայացնելը կարող է ուղղված լինել.

  • վարչական ակտի կատարումը կասեցնելուն, այսինքն` բողոքաբեր անձը պետք է մանրամասն շարադրի այն հանգամանքները (հիմնավորումները),  որոնց պատճառով առաջացել է անհրաժեշտություն կասեցնելու վարչական ակտի կատարումը.
  • վարչական մարմնի գործողությունների դեմ, այսինքն` բողոքարկելու այն գործողությունները, որոնք կատարվել են վարչական մարմնի կողմից, մանրամասն նշելով դրանց անօրինականությունը հաստատող փաստարկները, ինչպես նաև դրանց իրականացման անհրաժեշտության բացակայությունը.
  • վարչական մարմնի անգործության  դեմ, այսինքն` բողոքարկելու վարչական մարմնի այն անգործությունը, որի հետևանքով առաջ են գալիս բացասական հետևանքներ:

Վարչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, բողոքի քննման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

  • բավարարում է  բողոքն ամբողջությանբ կամ մասնակիորեն: Եթե բողոքը ներկայացվել է վարչական ակտի դեմ, ապա վերադաս վարչական մարմնի կողմից վարչական ակտը կարող է ճանաչվել անվավեր կամ առոչինչ կամ վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նոր վարչական ակտ: Եթե վարչական բողոքը բերվել է վարչական մարմնի գործողության դեմ, ապա  վերադաս վարչական մարմինը կարող է բողոքարկվող գործողությունը ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնել տվյալ գործողությունը` դիմումն ընդունելու պահին այդ գործողությունը շարունակվելու դեպքում: Եթե ներկայացվել է բողոք, որն ուղղված է վարչական մարմնի անգործության դեմ, ապա բերված բողոքի արդյունքում կարող է ընդունվել որոշում` հայցվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակմիորեն կատարելու  վերաբերյալ:
  • մերժում է  բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Վարչական մարմինը` Երևանի քաղաքապետարանը, կարող է ընդունել վերոնշված որոշումներից որևէ մեկը, կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։

Վերադաս վարչական մարմինը` Երևանի քաղաքապետարանը, բողոքը թողնում է առանց քննարկման, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարգելի չեն ճանաչվել ժամկետը բաց թողնելու պատճառաբանությունները:

Քրիստինե Նշանյան

Փաստաբան

[email protected]

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել