Վերջին օրերին տարբեր լրագրողներ ինձ հարցնում էին, թե ինչպիսի վերաբերմունք ունեմ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ: Ես էլ, ներողություն խնդրելով, ժպիտով պատասխանում էի, որ եթե ուղղակի ձեզ է հետաքրքիր՝ պատասխանեմ՝ առանց ձայնագրիչի, որովհետև դուք ինձնից հարցազրույց չեք վերցնում ուղղակի որպես քաղաքացուց, այլ որպես սպառողների շահերի պաշտպանից, իսկ որպես սպառողների շահերի պաշտպան, մեղմ ասած, "իմ գործը չէ" սահմանադրական բարեփոխումը, և հարցազրույց չեմ տա, ուղղակի հարցազրույց տված լինելու համար: Իսկ քանի որ ֆեյսբուքն իմ անձնական տիրույթն է, այստեղ հայտնում եմ իմ դիրքորոշումը ֆեյսբուքյան ընկերներիս, այդ թվում՝ նույն լրագրողներից որոշների համար:

Սահմանադրական բարեփոխումներ ...
Նախքան քննարկելը՝ արդյոք մեզ պետք են սահմանադրական բարեփոխումները, թե ոչ, ցանկանում եմ խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից. եթե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրվի հանրաքվեի, ապա անկախ հանրաքվեի արդյունքներից, վերջինս բխում է իշխանությունների շահերից. մեկնաբանեմ՝ ինչու: Եթե հանարքվեի արդյունքում նոր Սահմանադրությունն ընդունվի, ապա իրողություն կդառնա այն, ինչը ցանկանում է իշխանությունը, իսկ եթե վերջինս չընդունվի, ապա նույն իշխանությունները կարող են ներկայացնել, որ ժողովրդավարությունը ևս մի քանի քայլ առաջ է գնացել, ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանված է, ընտրություններն էլ անցնում են բաց և թափանցիկ: Այս ամենից կարելի է եզրակացնել ընդամենը 1 բան, որ եթե ի վերջո հարցը դրվելու է հանրաքվեի, ապա պետք է գոնե փորձել հնարավորինս օգուտ քաղել՝ ելնելով նոր Սահմանադրության մեջ ոչ իշխանական ուժերին և քաղաքացիական հասարակությանը որոշակի ազդեցիկ լծակների տրամադրման ձեռքբերման սկզբունքից: 
Այնպես որ, բալար նրանք, ովքեր դեմ են նոր Սահմանդրության ընդունմանը, պետք է դեմ լինեն առաջին հերթին այն հանգամանքին, որ հարցը դրվում է հանրաքվեի: Ես՝ ինքս, ավելի շատ պատկանում եմ հենց այս խմբին, որպեսզի ոչ հարցն այսքան քննարկվի, ոչ էլ որևէ քաղաքական ուժ կարողանա ձեռք բերել վարկանիշ ապահովելու հնարավորություն: Չեմ կարող չկիսել նաև այն մարդկանց տեսակետը, ովքեր կողմ են սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, սակայն բացառապես այն դեպքում, երբ նոր Սահմանադրությամբ իսկապես էլ ոչ իշխանական քաղաքական ուժերին տրվեն ազդեցիկ լծակներ: Սակայն այստեղ էլ խիստ վերապահումով եմ վերաբերում այն հանգամանքին, որ այդ լծակները նոր Սահմանադրությամբ իսկապես կտրվեն, և ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է տրամադրվածությունն ավելի շատ կողմ լինելուն, երբ մյուս կողմից նույն անձինք ունեն համոզմունք, որ նոր Սահմանադրությունն այդուհանդերձ այդ լծակները չի ընձեռելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել