Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված հակաահաբեկչական դաշինքի գործողությունները նպաստելու էին հատկապես Սիրիայի տարածքում գործող տարբեր իսլամական ծայրահեղ արմատական կառույցների միավորմանն ընդդեմ դաշնակիցների, որևէ կասկած չէր հարուցում: Այն, որ ֆինանսական, տարածքային շահերի բախումն իրենց դավանած ծայրահեղական գաղափարների՝ տարբեր կերպ մեկնաբանելու պատճառաբանությամբ, նաև դրա հետևանքով, բառի բուն իմաստով, միմյանց դեմ պատերազմող երբեմնի ոխերիմ թշնամիները մի կողմ կդնեն իսլամի առանձին դրույթների մեկնաբանության հարցում ծագած «թշնամանքը» և կամ նույնն է, թե՝ նախկին նյութական տարաձայնությունները ու կմիավորեն իրենց ուժերը կամ կներկայացնեն իրենց պայքարն ընդդեմ իսլամի դեմ ծագած համընդհանուր սպառնալիքի, դժվար չէր կանխատեսել: Արդյունքում, ականատես ենք լինում սիրիական հակակառավարական ամենաազդեցիկ 2 խմբավորումների՝ Իրաքում և Սիրիայում «ալ-Կաիդայի» հետ սերտ առնչություններ ունեցող «Իսլամական պետության» (ԻՊ) (նախկինում՝ «Ալ-Կաիդան Իրաքում», ապա՝ «Իսլամական պետություն Իրաք», «Իսլամական պետություն Իրաք և Շամ») և «Նուսրայի ճակատի» միջև բանակցություններին՝ ջանքերն ընդդեմ ընդհանուր թշնամու միավորելու շուրջ: 
Դեռևս 2013թ. վերջից միմյանց դեմ ամենադաժան կերպով մարտնչող, Սիրիայի տարածքն ըստ ազդեցության գոտիների բաժանած այս կառույցների ղեկավար շրջանակներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել և թեպետ դեռևս վերջնական որոշման չեն հանգել, բայց, այնուամենայնիվ, կարելի է կանխատեսել, որ միավորման կամ համագործակցության որևէ ձևաչափի, կողմերն, անշուշտ, կհասնեն. ավելին, ահաբեկչական դաշինքի շարքերը կհամալրվեն նաև տարաբնույթ այլ խմբավորումների միավորման ճանապարհով: 
Իսկ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները հետագայում, այս հարցի պատասխանը ևս դժվար չէ կանխատեսել: Նախ, ամենայն հավանականությամբ, իսլամականների առաջնորդումը կիրականացնի ծայրահեղական կառույցներից ամենաազդեցիկը, այս դեպքում՝ ԻՊ-ը: Նրանց միահամուռ պայքարը կշարունակվի մինչև դաշնակիցների զինուժի կողմից հասցվելիք էական վնասներն իսլամականների մարդկային և ենթակառուցվածքային ներուժին (կոալիցիայի կողմից միայն օդուժի կիրառման դեպքում պայքարը կարող է տևել 2-3 տարի), որից հետո նրանց շարքերում դարձյալ կսկսվի պառակտման գործընթաց, ինչի հետևանքով կառանձնանան շատ ավելի մեծ թվով մանր խմբավորումներ, որոնց գործելաոճը ևս կվերադառնա նախկին ավանդական գործողությունների տրամաբանությանն, այսինքն՝ առանձին տարածքների վերահսկողությունից դարձյալ կվերափոխվի տարբեր բնակավայրերում (մեծ է հավանականությունը նաև Իրաքից և Սիրիայից դուրս) խաղաղ բնակչության վահանի ներքո թիրախային ահաբեկչական գործողությունների իրականացման մարտավարությանը: 
Մյուս կողմից էլ՝ սա առավելագույնն է, ինչի կարող է հասնել Արևմուտքի նախաձեռնած հակաահաբեկչական պայքարը Մերձավոր Արևելքում, այսինքն՝ ընդամենը քաղել 3-4 տարվա հանցավոր անփութության պտուղները և վերադառնալ 2000-ականների առաջին տասնամյակի ավարտին եղած դիրքային իրավիճակին՝ բայց արդեն որպես հակառակորդ ունենալով շատ ավելի կայացած մարտական փորձ, շատ ավելի մեծ թշնամանք տածող, միով բանիվ՝ շատ ավելի վտանգավոր դարձած ծայրահեղական մոլեռանդների՝ երկրագնդի բոլոր տարածաշրջաններում:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել