ՀՀ Կառավարության գնահատականների համաձայն, այս տարի տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,3 տոկոս։ Ճիշտ է` մինև տարեվերջ դեռ երեք ամիս ժամանակ կա, բայց գործադիրն այդ ցուցանիշն է ամրագրել 2015թ. պետական բյուջեի կանխատեսումներում։

Հաջորդ տարվա համար, սակայն, սպասումները համեմատաբար ավելի մեծ են։ Ակնկալվում է ապահովել 4,1 տոկոսանոց տնտեսական աճ։
Այս տարվա տնտեսական գործընթացների վրա արտահայտվել են հատկապես արտաքին հատվածում ձեւավորված միտումները, որոնք ունեցել են ուղղակի եւ անուղղակի հետեւանք։ Մասնավորապես մեծ է անուղղակի գործոնների ազդեցությունը։ Դրանք կապված են հիմնականում Ռուսաստանի տնտեսության հետ, որտեղ այս տարի հնարավոր աճի մակարդակը գնահատվում է ընդամենը 0,5 տոկոս։

Հաշվի առնելով ՌԴ և ՀՀ տնտեսությունների լուրջ կապվածությունը, նման պայմաններում ազդեցությունն ուզած, թե չուզած, անխուսափելի էր։ Դա արտահայտվում է թե ֆինանսական փոխանցումների կրճատման, թե ազգային արժույթի եւ համախառն պահանջարկի նվազման հետեւանքով ռուսական շուկայում ի հայտ եկած դժվարությունների տեսքով։
Մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության վրա բացասաբար ազդեցին ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները, որոնք այս տարի պարբերաբար կրկնվեցին։ Միայն մայիսին Վերին Լարսը, որտեղով անցնում է հայկական արտահանման մեծ մասը, փակ մնաց գրեթե մեկ ամիս։ Եվս 10 օր անցակետի գործունեությունը դադարեցվեց օգոստոսի վերջին։ Սպասվում է, որ անվտանգության նկատառումներով (դարձյալ առաջացել է փլուզումների վտանգ) առաջիկա օրերին Վերին Լարսը կդադարեցնի սպասարկումը գիշերային ժամերին։

Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային շուկաներ եւս նպաստավոր չգտնվեցին Հայաստանի տնտեսության համար։ Հումքային ապրանքների, մասնավորապես պղնձի գնի անկումը զգալիորեն կրճատեց Հայաստանի հանքարդյունաբերության աճի պոտենցյալը։
Այս եւ այլ գործոնները թողեցին իրենց ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա։ Արտաքին գործընթացներն այս տարի ակնհայտորեն լավ չդասավորվեցին Հայաստանի համար։ Մի բան, ինչն էլ ազդեց տնտեսական ակտիվության վրա՝ նվազեցնելով աճի սպասումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել