1. Մոլի երկրպագուները

«Beatles»-ին ամենուրեք հետևում էին մոլի երկրպագուները։ «A Hard Day’s Night»-ի նկարահանումները մի քանի անգամ դադարեցվել են հենց երկրպագուների պատճառով։ Համերգների ժամանակ աղջիկները հաճախ փորձում էին բեմ ներխուժել և ողջագուրվել իրենց սիրելի կատարողների հետ։ Երբ խմբի տղաներն այցելեցին Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանություն, մի 18-ամյա երկրպագուի հաջողվեց մոտենալ Ռինգո Սթարին և մի մազափունջ կտրել նրա գլխից։ 

Տղաների ամենանվիրված երկրպագուները «Apple Scruffs» խմբի անդամներն էին։ Սա 20 հոգուց բաղկացած ոչ պաշտոնական խումբ էր, ինչպես հիմա կասեին՝ «fun club»։ Խումբը հիմնականում երիտասարդ կանանցից էր կազմված։ Նրանցից ոմանք այնքան մոլեռանդ կերպով էին սիրում «Beatles»-ին, որ հեռացել էին աշխատանքից ու, բանուգործ թողած, ողջ օրը հետևում էին խմբի անդամներին։ Մի անգամ, տեսնելով, որ Փոլի տան պատուհաններից մեկը բաց է մնացել, նրանք ներս սողոսկեցին և թռցրին Փոլի անդրավարտիքը, ձայնասկավառակներն ու Լինդա Մաքքարթնիի լուսանկարներից մի քանիսը։ Զայրացած Փոլը հետ պահանջեց իր իրերը։ Նա վստահ էր, որ գողությունը կատարվել էր «Apple Scruffs»-ի կողմից։ Հակառակ դեպքում իր տնից շատ ավելի արժեքավոր բաներ կգողացվեին։

2. Հանդիպում Էլվիս Փրեսլիի հետ

04

«Beatles»-ին բախտ վիճակվեց անձամբ ճանաչել ժամանակի աստղերից մի քանիսին։  1964 թ.-ին խմբի տղաները լուսանկարվեցին Կասիուս Քլեյի հետ, ով շուտով պետք է փոխեր անունը և հանդես գար որպես Մուհամմեդ Ալի։  Նույն տարում Բոբ Դիլանը տղաներին «ծանոթացրեց» մարիխուաննայի հետ, սակայն ամենանշանակալի հանդիպումը հանդիպումն էր Էլվիս Փրեսլիի հետ։

Հանդիպումը հատկապես մեծ նշանակություն ուներ Ջոն Լենոնի համար։ Լենոնը դեռևս մանկուց Փրեսլիի երկրպագուն էր։ Մանկության տարիներին նա իր ննջասենյակի պատին փակցրել էր Փրեսլիի պաստռաը, Փրեսլիի պես սանրվածք էր արել՝ երկար թողնելով բակերը։ Մի անգամ նա ընդհուպ ասել է. «Եթե Էլվիսը չլիներ, ես այստեղ չէի լինի»։ «Beatles»-ի տղաներն առաջին անգամ հանդիպեցին Էլվիս Փրեսլիի հետ իրենց երկրորդ ամերիկյան շրջագայության ժամանակ։ Էլվիսի «Bel Air» ապարանքում խնջույք էր կազմակերպվել, որին հրավիրված էր նաև «Beatles»-ը։ Երբ տղաները ներս մտան, նրանք լարված էին և չգիտեին, թե ինչպես սկսել խոսակցությունը լեգենդար աստղի հետ։ Սառույցը կոտրելու համար էլվիսը կատակեց.

- Տղանե՛ր, եթե Դուք պարզապես նստելու եք ու վրաս նայեք, ես գնում եմ քնելու։

Դրանից հետո լարված մթնոլորտն անցավ, իսկ Էլվիսը տղաներին առաջարկեց միասին հանպատրաստից ինչ-որ երաժշտական համար կատարել։ 4 ժամ միասին լավ ժամանակ անցկացնելուց հետո «Beatles»-ի անդամենրը վերադարձան տներով և այլևս երբեք չտեսան Էլվիսին։

3. Խորհրդային Միությունն ընդդեմ «Beatles»-ի

1966 թ.-ին, երբ Ջոն Լենոնն իրեն թույլ տվեց «Հիսուսից էլ հայտնի» արտահայտությունը, ամերիկացիները մոլեգնեցին՝ այրելով «Beatles»-ի ձայնասկավառակները և կապելով «Beatles»-ի անունը «Իլյումինատի» աղանդավորական կազմակերպության հետ։ Այնուամենայնիվ, ոչ ոք ավելի շատ չէր սարսափում «Beatles»-ից, քան Խորհրդային Միության կառավարությունը։

Տղաների ըմբոստ դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ և արևմտյան հայացքները մղեցին խորհրդային իշխանություններին արգելել խմբի ձայնասկավառակների վաճառքը, սակայն սա դեռ ամենը չէ։ Ցանկացած մարդու, ով «կբռնվեր» «Beatles» լսելիս, պատիժ էր սպառնում։ Խորհրդային իշխանությունները «Beatles»-ի երաժշտությունը անվանում էր «կապիտալիստական աղբ»։ Սա էլ ավելի էր խթանում հետաքրքրվածությունը «Beatles»-ի նկատմամաբ, իսկ ձայնասկավառակները ներկրվում էին մաքսանենգ ճանապարհով ու գնվում սև շուկայից ինքնարժեքից շատ ավելի թանկ գնով։  Ռուսաստանի պատմության ինստիտուտի աշխատակից Միխայիլ Սաֆոնովը մի անգամ ասել է.

Բիթլամանիան խարխլեց խորհրդային հասարակության հիմքերը։ «Beatles»-ը մեզ ներկայացրեց ժողովրդավարության գաղափարը։

Ոգեշնչված 4 լիվերպուլցի տղաների նորաձև տեսքով՝ բազմաթիվ դեռահասներ փորձում էին նմանվել նրանց՝ երկարացնելով իրենց մազերը և հիմնելով սեփական ռոք խմբերը։ ԽՍՀՄ-ում խմբի ցանկացած երկրպագու, լիներ պաշտոնյա թե հասարակ բանվոր, արժանանում էր քամահրանքի, եթե համարձակվում էր հրապարակայնորեն արտահայտել իր սերը խմբի տղաների կամ նրանց արվեստի հանդեպ։ Այն ուսանողները, ովքեր «բռնվում էին» «Beatles» լսելիս կարող էին հեռացվել համալսարանից։ Հիմա թերևս անհեթեթ թվա, սակայն եթե ինչ-որ մեկը համարձակվեր կրկնօրինակել «Beatles»-ի սանրվածքը, ոստիկանները կարող էին կտրել նրա մազերը։ Մի խոսքով, պետությունը ջանք ու եռանդ չէր խնայում «Beatles»-ի դեմ պայքարում։ Մարդիկ կարողացան հանգիստ լսել իրենց ցանկացած երաժշտությունը այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը տապալվեց։ Փոլ Մաքքարթնին առաջին անգամ համերգ ունեցավ Մոսկվայում 2003 թ.-ին։

4. Խմբի կազմալուծումը

10

Փոլ Մաքքարթնին դուրս եկավ «Beatles»-ից 1970 թ.-ի ապրիլին, ինչի արդյունքում կազմալուծվեց պատմության ամենահայտնի երաժշտական խումբը։ Սակայն Փոլն առաջին մարդը չէր, ով լքում էր խումբը։ Խումբն առաջինը լքել է Ռինգո Սթարը։ 1968 թվականն էր, և «Beatles»-ը զբաղված էր «The White Album» ձայնասկավառակի թողարկման աշխատանքներով։ Ջորջը փորձում էր կայանալ երաժշտական ասպարեզում, Փոլն սկսում էր իշխել մյուս անդամների վրա, իսկ Ջոնը Յոկո Օնոյին իր հետ բերում էր ձայնագրման ստուդիա։ Կնոջ ներկայությունը խմբում կոնֆլիկտների տեղիք էր տալիս։ Խումբը կորցրել էր միասնականությունը։ Փոլը ծաղրել էր Ռինգո Սթարին անհաջող երաժշտական կատարման համար, և Ռինգոն իրեն օտարական էր զգում խմբում։ Նա մոտեցավ Ջոն Լենոնին և ասաց.

Ես հեռանում եմ խմբից, որովհետև ես լավ չեմ նվագում և ինձ սիրված չեմ զգում։ Ես ասես խմբից դուրս լինեմ, իսկ դուք երեքդ շատ մտերիմ եք իրար հետ։

- Ես կարծում էի, որ դո՛ւք երեքդ եք մտերիմ, - հակադարձեց Լենոնը։

Երբ Ռինգոն մոտեցավ Փոլին, Փոլը ևս նույն կերպ արձագանքեց։ Ռինգո Սթարն ուղևորվեց Սարդինիա։ Մի քանի շաբաթ առանց Ռինգոյի աշխատելուց հետո խմբի անդամները նրան հեռագիր ուղարկեցին՝ խնդրելով վերադառնալ։ Երբ Սթարը վերադարձավ, նա տեսավ, որ խմբի մյուս անդամները ծաղկաթերթերով գրել էին ստուդիայում «Բարի գալուստ, Ռինգո»։ Այնուամենայնիվ, ընկերական մթնոլորտը երկար չտևեց խմբում։ 1969 թ.-ին Ջորջը ստեղծագործական կոնֆլիկտներ ունեցավ Փոլի հետ։ Նա զայրանում էր նաև Լենոնի վրա, քանի որ վերջինս գերադասում էր հետևել Յոկո Օնոյի խորհուրդներին։ Ջորջի ու Ջոնի հարաբերություններն այնքան սրվեցին, որ նրանք ի վերջո ծեծկռտուք սարքեցին։ Հարիսոնը հոգնել էր այս լարված իրավիճակից և որոշեց լքել խումբը։ 

Որոշ ժամանակ անց «Beatles»-ի 4 անդամները կարողացան մեկ անգամ ևս վերամիավորվել. Ջորջը վերադարձավ խումբ՝ «Let It Be»-ի և «Abbey Road»-ի ձայնագրման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Այնուամենայնիվ, Ջորջի վերադարձից ընդամենը մի քանի շաբաթ անց Փոլը հեռացավ խմբից, և «Beatles» կոչվող հեքիաթն ավարտվեց։

Ընթերցեք նաև 10 ուշագրավ փաստ «Beatles» խմբի մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել