Մեր պատմական թշնամու գալիք ու անխուսափելի տապալման ու տրոհման մասին պնդումները տարիներ շարունակ ու առ այսօր քմծիծաղով են ընդունվում տնաբուծ «քաղաքագետների» կողմից: Մինչդեռ սեպտեմբերի ընթացքում Թուրքիայի մասնատման գործըթացը, կարծում եմ, դարձել է անշրջելի: Դրա ուղիղ և անուղակի ապացույցները բազմաթիվ են, նշեմ մի քանիսը: Արաբական ամենամեծ ու մարդաշատ երկիր Եգիպտոսը բաց քաղաքական առճակատման է անցել Անկարայի դեմ ՄԱԿ-ում Էրդողանի ճառից հետո, ուր վերջինս մեղադրեց նախագահ Ալ-Սիսիին հակաիսլամական հեղաշրջման համար: Հիշենք, որ Եգիպտոսը Իսրայելից հետո ԱՄՆ ամենախոշոր օգնություն ստացող երկիրն է: Պենտագոնը մի քանի օր թուրք-սիրիական սահմանի շրջանում իսլամիստնեին օդային հարվածներ հասցնելուց հետո հայտարարել է այսօր այդ տարածքը թռիչքների համար արգելված գոտի: Նկատի առնելով, որ իսլամիստները օդուժ չունեն, իսկ Ասադի հնամաշ սովետական ՄԻԳերը նրանց պաշտպանելու մտադրություն էլ չունեն, պարզ է, որ արգելքը վերաբերվում է հենց սահմանակից Թուրքիային: Հիշենք, որ տասը տարի առաջ հենց նման միջոցառումով սկսվեց քրդերի ինքնավարության ստեղծումը ԱՄՆ կողմից Հյուսիսային Իրաքում: Նույն տարբերակն իրականացվում է այս պահին Հյուսիսային Սիրիայում ի օգուտ նույն քրդերի ` միակ ռազմական ուժի, որն ունակ է ու մտադրված է դիմադրել իսլամիստներին ու նրանց հովանավորող Թուրքիյին: Արևմտյան մամուլում վերջին շաբաթներին ծավալված հակաթուրքական արշավը իսլամիստ մարդասպաններին օժանդակելու համար ուղիղ մեղադրանքներով միանշանակ վկայում է այդ մասին: Իմիջիայլոց, ՀՀ դեմարշը ՄԱԿում «գրողի ծոցի» թեմայով նույնպես արևմտյան հարձակման մաս է կազմում: Եվ այսպիսով, Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Արևմուտքի քաղաքական ու ռազմական օժանդակությամբ ստեղծվող Քրդական պետությունն արդեն հայտնվել է Թուրքիայի սահմանի վրա, իսկ վերջին երեք օրվա ընթացքում հարյուրհիսուն քրդերի անցումը Սիրիայից Թուրքիա նշանակում է, որ սահմանն այդ այլևս չկա: Մեզ, հայերիս համար սա վերջին ինը տասնամյակի կարևորագույն իրադարձությունն է, սակայն եթե Հայաստանը առաջիկա ամիսներին մնալու է կգբ-շնիկների ու գանգստերների իշխանության տակ, մենք ոչ մի բան չենք ստանալու Թուրքիայի տրոհման ընթացքում և Ցեղասպանության հարյուրամյակը սահուն կերպով թևակոխելու է երկրորդ հայոց Եղեռնի` ինքնացեղասպանության գիրկը: Ազատության ու անկախության համար մարտնչող ուկրաինացիների ու քրդերի օրինակը ևս մեկ անգամ հիշեցնում է Խրիմյան Հայրիկին տված Բիսմարկի դասը երկաթե շերեփի մասին` օգնում են միայն պայքարողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել