Սեպտեմբերի 23-ին՝ վաղ առավոտյան, ԱՄՆ-ի օդուժը դաշնակից մի շարք արաբական երկրների՝ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի և ԱՄԷ-ի զինված ուժերի հետ համատեղ առաջին ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» (ԻՊ) դիրքերին Սիրիայի տարծքում. օդային գրոհներն իրականացվել են Արաբական Հանրապետություն հյուսիսում՝ կառույցի կողմից հռչակված «խալիֆայության» մայրաքաղաքը հանդիսացող Ռակկա քաղաքում, իսլամականների 20 օբյեկտների վրա:
Կարծես՝ առկա իրավիճակային պայմաններում հենց սրան էր ձգտում «Իսլամական պետությունը»: Համենայն դեպս, այդ մասին թույլ է տալիս եզրակացնել վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայի Հյուսիսում՝ Հալեպի նահանգի Այն ալ-Արաբի (քրդական անվանումը՝ Քուբանի) շրջանում, ԻՊ-ի և քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի միջև ընթացող կատաղի մարտերի տրամաբանությունը, որոնց հետևանքով նոր հումանիտար ճգնաժամ է հասունանում վերոնշյալ շրջանում. իսլամականների գործելաոճը նույնն է, նրանք իրենց ճանապարհին ավերում են քրդական բնակավայրերը, կոտորում տղամարդկանց, գերեվարում կանաց. տարբեր տվյալներով՝ մինչև 170 հազար քրդեր են արդեն հատել թուրք-սիրիական սահմանը: Զուգահեռաբար սահմանագծի արդեն թուրքական հատվածում ընդհարումներ են տեղի ունենում մի կողմից թուրքական ոստիկանության և անվտանգության ուժերի, մյուս կողմից՝ սիրիացի իրենց ցեղակիցներին աջակցել ձգտող Թուրքիայի քրդերի միջև: 
Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ ԻՊ-ն իր գործողություններով, կարծես, ձգտում էր դրդել ԱՄՆ-ին՝ հարձակում իրականացնելու Սիրիայում կառույցի դիրքերի դեմ, ինչպես նաև Թուրքիային՝ կենսագործելու Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու թուրքական իշխանությունների վաղեմի ծրագիրը: 
Իսկ նպատակը շատ պարզ է՝ «հակաիշիպյան կոալիցիայի» կողմից դեռևս ամբողջական ռազմական գործողությունները չսկսած՝ նրա դեմ լուրջ բողոքի ալիքի բարձրացումը՝ նախ նաև Մոսկվայի և Թեհրանի գլխավորությամբ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Սիրիայի ինքնիշխանությունը հարգել պահանջող մի շարք արտաքին դերակատարների կանխատեսելի գործողությունների տեսքով, ինչպես նաև տարածաշրջանում խառնաշփոթի ստղծմանը՝ նույն բովանդակությամբ հակազդեցության տեսքով՝ արդեն Թուրքիայի ինքնագործունեության դեմ:
Ընդհանուր առմամբ, ռազմավարական տեսանկյունից ևս, կարծես, իսլամականների քայլերը գրեթե անթերի են, իսկ հետագա զարգացումներն արդեն ցույց կտան՝ արդյոք ճիշտ էին նրանց հաշվարկները՝ կոալիցիայի գործողությունները խոչընդոտելու տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել