Կարդալ առանց մտածելու անիմաստ է: Մտածել առանց կարդալու վտանգավոր է: Պետք է մտածել, բայց մտածել կարդացածի մասին:
Շատ կարդալ դեռ չի նշանակում խելացի լինել: Խելացիությունը չափվում է ոչ թե կարդացված գրքերի քանակով, այլ հասկացված գրքերի քանակով: Լավ սովորել նույնպես դեռ չի նշանակում խելացի լինել, եթե սովորողը չի կարողանում ներկայացնել, հիմնավորել, բացատրել իր սովորածը:

Բայց ի՞նչ կարդալ այս դեպքում: Պետք է կարդալ տեքստեր՝ այնպիսի նյութեր, որոնք ունեն սկիզբ և վերջ, շարադրված են տրամաբանորեն և հետևողականորեն, չեն շեղվում բուն թեմայից և ներքին հակասականություն չունեն, հիմնավորված են կամ հեղինակը գոնե փորձել է հիմնավորել տեքստը որոշակի փաստերով կամ տեսական դրույթներով:

Ինչու՞ կարդալ հենց այդպիսի տեքստեր. որովհետև եթե հեղինակը չի կարողանում շարադրել իր մտքերը հետևողականորեն և անհակասական ձևով, ապա նրա կցկտուր, ընդհատվող և ցաքուցրիվ մտքերն ուշադրության արժանի չեն: Հեղինակը պետք է ներկայացնի տեքստ, ընթերցողն էլ կարդա տեքստ, ոչ թե առանձին նախադասություններ: Մարդու մտածողության վրա ազդում է ամբողջական տեքստը, կոնցեպցիան, հայեցակարգը:

Հ.Գ. Մտածե՛նք կարդալուց առաջ, թե ինչ ենք պատրաստվում կարդալ, մտածե՛նք կարդալուց, թե ինչ ենք կարդում և մտածե՛նք կարդալուց հետո, թե ինչ կարդացինք: Ու կհաղթենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել