Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրի, այս տարվա 2014-ի հուլիսին, Հայաստանում ռեզիդենտների (մշտական բնակվող եւ գործողների) արտարժութային (դոլարային) ավանդների եւ փողի զանգվածի հարաբերակցությունը 45,9 տոկոս է կազմել: Անցյալ տարվա դեկտեմբերին այդ ցուցանիշը 1 տոկոսով ցածր էր: Այս տարվա հունվարին բարձրանալով, կազմել է 46,6 տոկոս, հաջորդող ամսիներին փոփոխական տատանումներով` բարձրանալով եւ իջնելով, հուլիսին հասել է վերոնշյալ կետին, որն այս տարվա ամենացածր մակարդակն է կազմել: Դոլարայնացման մակարդակի մեկ այլ ցուցիչի` արտարժութային ավանդների եւ ընդհանուր ավանդների հարաբերակցությունը հուլիսին կազմել է 59 տոկոս:

Այսինքն, ընդհանուր ավանդների 59 տոկոսը Հայաստանում պահվում են դոլարով: Այս ցուցանիշի առումով ունենք դոլարայնացման մակարդակի նվազում` թե անցյալ տարվա վերջի` դեկտեմբերի, թե այս տարվա սկզբի` հունվարի, թե հուլիսին նախորդող բոլոր ամիսների նկատմամբ: Ֆիզիկական անձանց ցպահանջ արտարժութային ավանդների եւ ընդհանուր ցպահանջ ավանդների հարաբերակցութունը հուլիսին կազմել է 51,2 տոկոս: Այստեղ թեեւ անցյալ տարվա տարվերջին արձանագրված 47,7 տոկոսի հանդեպ դոլարյանցման ավելացում կա, բայց այս տարվա մարտից սկսած այն սկսել է նվազել:

Ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների եւ ընդհանուր ավանդների հարաբերակցութունը հուլիսին կազմել է 69,6 տոկոս: Այս ցուցանիշի առումով նույնպես արձանագրվել է դոլարյանցման մակարդակի նվազում անցյալ տարվա դեկտեմբերի, այս տարվա հունվարի եւ անցած վեց ամիսներին նկատմամբ: Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի եւ ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը 62,1 տոկոս է:

Այն չնչին փոփոխություններով պահպանվում է գրեթե նույն մակարդակի վրա անցյալ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա յոթ ամիսներին: Այսպիսով, արձանագրենք, որ դոլարայնացման մակարդակը ընդհանուր առմամբ նվազում է, ինչը դրական երեւույթ է: Այդուհանդերձ, տարբեր ցուցանիշների առումով դոլարայնացման մակարդակը դեռեւս բարձր է եւ իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել