Ալլա Լեւոնյանի աղմուկ հանած պատմության առթիվ, երբ նա համերգը դադարեցնում է, ինչ է թե ողջունի ուշացումով ժամանած Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարարը, հետո էլ դեռ մուննաթ է գալիս, թե լավ եմ անում, իմ համերգն է, ինչ կուզեմ անեմ, մեկ այլ պատմություն պետք է հիշեցնել: 
1963թ. հոկտեմբերի 4-ին «Բիթլզի» համերգն է լինում Լոնդոնի թատրոններից մեկում: Բիթլոմանիան նոր-նոր էր սկսվել, խումբն էր նոր էր եկել եվրոպական շրջագայությունից, նրանց անունը անդեն թնդում էր Եվրոպայում, էլ չասած՝ Անգլիայում: Համերգին առաջին անգամ ներկա է լինում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը, արքայադուստրը, մի խոսքով՝ բրիտանական արքունիքը: Առանձին օթյակում նստած: 
Ու երբ Ջոն Լենոնը հերթական երգն է ներկայացնում, հայտարարում է. «Նրանք, ովքեր էժան տեղերում են նստած, թող ծափահարեն, իսկ դուք՝ ու մատով ցույց է տալիս թագավորական օթյակը, չխչխկացրեք ձեր թանկարժեք ոսկեղենն ու ադամանդները: Ջոն Լենոնը դրանով ակնարկեց, որ իր համար բոլորը՝ այդ թվում թագուհին, նույն սովորական հանդիսատեսն են, անկախ իրենց կոչումներից, դիրքից եւ հարստությունից: Ու որ թագուհու ներկայությունը իրենց համար որեւէ նշանակություն չունի: Ու որ իրենք հանդիսատեսին գնահատում են ոչ իրենց շքեղ հագուկապի համար:
Թագուհին էլ այս գեղեցիկ պատմությունը ոչ պակաս գեղեցիկ ձեւով է լրացնում: Համերգից հետո Եղիսաբեթը մոտենում է Լենոնին, ընդունում նրա նկատողությունը եւ լրիվ անգլիական հումորի մեջ հարցնում. «Ե՞րբ է լինելու ձեր հաջորդ համերգը»: 
Դրա համար էլ «Բիթլզը» հավերժ է, իսկ պաշտոնյաների առջեւ ճմռթվողները՝ բացառապես արհամարանքի արժանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել