Ամեն տոնի առթիվ իշխանությունները կոչումներ և պարգևներ են շնորհում: Դա անշուշտ պետական քաղաքականության մի լծակ է, մեր երկրում՝ նաև մարդկանց իշխանամետ դարձնելու կամ ընդհակառակը՝ «պատժելու» լծակ: Դա վատ, հակաժողովրդական լծակ է: Իհարկե, մենք բոլորս էլ ցանկանում ենք գնահատված լինել: Բայց կարծում եմ մտավորականը չպիտի իշխանություններից պարգևներ ակնկալի, ավելին նա սկզբունքորեն պիտի դրանք վնասակար համարի: Ես էլ պարգևներ ունեմ, ինձ լավ եմ զգացել, երբ շնորհել են: Ասել եմ՝ դա կօգնի, որ գործերն ավելի հաջող ընթանան, ինձ ճանաչելը կնպաստի, որ քիչ խնդիրներ ունենամ: Բայց նաև համոզվել եմ՝ որ այն դեստրուկտիվ գործառույթ ունի՝ արժանավորին և անարժանին խառնում է իրար, մարդկանց լարում է իրար դեմ, բարդացնում գործընկերային-աշխատանքային փոխհարաբերությունները: Ի՞նչու պիտի ինչ-որ մի չինովնիկ որոշի, թե մեզնից ով է ավելի արժանի: Դրա համար կան ավելի իրական չափանիշներ՝ հանդիսատես, միջոցառումների և հրապարակումների ռեյտինգներ և այլն և այլն: Դրա համար կան մասնագիտական ընկերակցություններ, հասարակական կազմակերպություններ, կա մասս մեդիա և այլն և այլն:

Ես լիովին կողմ եմ, որ Հայաստանում ոչ մի պետական պարգև էլ չլինի, գուցե միայն մեկ–երկու սիմվոլիկ-արտառոցից բացի, որ կարելի է շնորհել եզակի և բացառիկ դեպքերում: Մնացածը թողնենք կարիերայի, հասարակական-մասնագիտական ընկերակցությունների ու կազմակերպությունների ոլորտին:

Եվ վերջինը՝ ինձ բացարձակապես դուր չի գալիս պարգևատրումների շուրջ կրքերի այս թեժ բորբոքումը: Անկախ նրանից, թե մենք ինչ չափով ենք արդար կամ անարդար, պարգևատրվածների արժանիքների կամ դրանց բացակայության շուրջ ծավալումները միանշանակ ցուցում են, թե ինչքա՜ն կարևոր է մեզ համար իշխանական կոչում կամ պարգև ստանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել