Շուրջ 70 հազար Սիրիայի քաղաքացիներ, այդ թվում՝ ավելի քան 45 հազար քրդեր վերջին երկու օրերին 8 անցակետերով հատել են սիրիա-թուրքական սահմանը՝ Սիրիայի հյուսիսում ՝Հալեպի Նահանգի հյուսիս-արևելյան Այն ալ-Արաբի (քրդական անվանումը՝ Քուբանի) շրջանում «Իսլամական պետության» (ԻՊ) և քրդական ինքնապաշտպանական ուժերի միջև ընթացող բախումների հետևանքով: Քրդական միավորումները բավական մեծ դժվարությամբ են դիմագրավում իսլամականների գրոհներին. միևնույն ժամանակ հաղորդվում է նաև, որ շուրջ 300 քուրդ զինյալներ արդեն Թուրքիայի տարածքից անցել են Սիրիա՝ իրենց ցեղակիցներին աջակցելու նպատակով: 
Վերջին շրջանում և′ Իրաքի, և′ Սիրիայի տարածքում ԻՊ-ի մասնակցությամբ ընթացող ռազմական գործողություններում նշմարվում է որոշակի տրամաբանություն: Եթե Իրաքում իսլամականները որոշակիորեն զիջում են դիրքերն Արևմուտքի ռազմական աջակցությամբ համալրված քրդական «փեշմարգա» զորամիավորումների հետ մարտերում, ապա, որպես փոխհատուցում, նույն քրդերի դեմ պայքարում շոշափելի հաջողություններ են արձանագրում արդեն Սիրիայի հյուսիսում:
Մյուս կողմից, ըստ իս՝ Սիրիայում քրդական ճակատի ակտիվացմամբ ԻՊ-ը փորձում է ևս մեկ ռազմավարական խնդիր լուծել, այն է՝ հրահրել ԱՄՆ-ին շուտափույթ օդային հարվածների իրականացման՝ արդեն Արաբական Հանրապետության տարածքում՝ իհարկե, հաշվի առնելով նման հարվածների դեպքում ակնկալվող միջազգային հակասական արձագանքի հնարավորությունը, որը հավելյալ բարդություններ կարող է առաջացնել դեռևս լիովին չմեկնարկած «Իսլամական պետության» դեմ նախաձեռնված արևմտյան ռազմարշավի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել