Որոշ վայրերում հավելյալ ժամեր աշխատելը խրախուսվում է և դիտվում որպես աշխատակցի նվիրվածության մասին վկայող նշան։ Մինչդեռ այլուր աշխատակիցներին խնայում են և այնքան հոգում նրանց առողջության մասին, որ ամեն կերպ ձգտում են հետ պահել նրանց գերծանրաբեռնվելուց։ Այսպես, օրինակ Ամստերդամի Heldergroen ընկերության գրասենյակի տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի աշխատակիցները նախատեսվածից ավելի երկար չաշխատեն։ Նրանք հոգում են նաև աշխատակիցների հետաշխատանքային ժամանցը կազմակերպելու համար։ Այստեղ ընկերության բոլոր գրասենյակային պիտույքները անհետանում են աշխատանքային օրվա ավարտից անմիջապես հետո՝ ուղիղ ժամը 18.00-ին։ Գրասենյակը դադարում է գրասենյակ լինելուց և վերածվում է յոգայի կենտրոնի, պարահրապարակի և այլ կրեատիվ զբաղմունքների վայրի։ Սեղանները կցված են պողպատե մալուխներին, որոնք թույլ են տալիս բարձրացնել դրանք դեպի առաստաղ։ Օրվա ընթացքում սեղանները դրված են անիվներով կաբինետների վրա։ Քանի որ գրասենյակի ողջ կահույքը անիվներով է, իսկ սեղանները՝ մալուխներից կախված, ամեն ինչ դյուրաշարժ է և կարող է հեշտությամբ թաքցվել։ 18.00-ից հետո աշխատակիցները կարող են շարունակել մնալ գրասենյակում, սակայն ոչ թե աշխատելու, այլ ժամանցի համար։

Այս նորարական աշխատավայրի դիզայնի հեղինակները Zecc Architects ընկերության ճարտարապետներն են։ Նրանք այնպիսի լավ պայմաններ են ստեղծել աշխատակիցների համար, որ վերջիններս ոչ միայն աշխատանքային օրերին են այցելում գրասենյակ, այլև հանգստյան օրերին, դե իհարկե, ոչ թե աշխատանքային առաջադրանքները կատարելու, այլ միասին լավ ժամանակ անցկացնելու համար։ Ընդ որում, աշխատանքը բնավ չի տուժում, քանի որ հետաշխատանքային ժամանցը թարմ ու առույգ է պահում աշխատակիցներին, և նրանք հաջորդ օրը նոր ուժերով լծվում են աշխատանքի։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել