Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ուզում եմ մեջբերել Ռոնալդ Ռեյգանի հետևալ խոսքերը,որ ոչ հայոց ցեղասպանության,ոչ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն: Եթե համեմատականներ անցկացնենք կտեսնենք որ այսօր արդեն բավականին մեծ առաջընթաց կա այս հարցում,մասնավորապես Հունաստանի թարմ օրինակը կարելի է բերել,որի խորհրդարանը վերջերս ձայների մեծամասնությամբ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը`դառնալով Շվեյցարիայից և Սլովակիայից հետո ԵՄ անդամ երրորդ պետությունը,որը կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Հուսով եմ,որ սա կդառնա շարունակական և այս ցանկը գնալով կընդլայնվի,քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայերի այլև համայն մարդկության դեմ ուղղված ոճիր է: Ուզում եմ նշել,որ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի նպատակն էր՝ թողնել մեկ հայ և այն էլ թանգարանում: Իսկ այսօր Հայն ունի երկու պետություն և հզորագույն սփյուռք,ինչը վառ ապացույցն է նրա,որ մենք կարող ենք ամեն բան ցանկության և շատ աշխատանք տանելու դեպքում,որտեղ հատկապես պետք է ընդգծել մեր`երիտասարդներիս դերը,որը չափազանց կարևոր է,հատկապես պատմական փաստերի ճշգրիտ իմացության ու տեղեկատվության տարածման,պահանջատիրական տարբեր միջոցառումների իրականացման,տարատեսակ շարժումների ու լոբբիստական խմբերի ստեղծման և դրանց գրագետ ու պտղաբեր գործարկման ոլորտներում : Ցեղասպանությունը մեր բոլորիս ժառանգությունն է,պահանջատեր լինելը`մեր պարտքը,ուր շատ կարևոր է նաև սփյուռքի ու Հայ Առաքելական եկեղեցու դերն ու ներգրավվածությունը: Ըստ իս այսօր Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ վարպետորեն կապելը:Հայաստանի ու հայության աշխատանքի մյուս ուղղությունը պետք է լինի տարբեր պետությունների ազգային օրենսդրություններում և դատական պրակտիկայում Հայոց ցեղասպանության ժխտման, վիճարկման կամ մեղմման քրեականացմանը հասնելը,միաժամանակ թույլ չտալով,որ այս հարցը դառնա աշխարհաքաղաքական առուծախի առարկա տարբեր պետությունների համար,ինչպես եղել է նախորդող տարիներին: Ուզում եմ ավելացնել նաև որ անձամբ ես պատրաստ եմ ազդակ դառնալ և իմ շուրջը համախմբել հարցով մտահոգված հայրենանվեր երիտասարդներին,կարելույն չափով պայքար տանել որպես երիտասարդ,որպես ուսանող,որպես ակտիվիստ և որ ամենակարևորն է`որպես հայ մարդ:Իմ կարծիքով այստեղ կարևորը գաղափարի շուրջ համախմբվելն է և նախաձեռնողականություն ցուցաբերելը,ինչը մեր բոլորիս պարտքն է `սկսած շարքային քաղաքացուց մինչև պետական կառավարման օղակի վերին շերտեր: Եվ վերջում `մենք ոչինչ չենք մոռացել և չենք մոռանալու ու կարևոր չէ, թե քանի դար կանցնի :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել