Դեռ ոչ վաղ անցյալում` ընդամենը 2012-ի նոյեմբերին, երբ ոչ իշխանական ուժերից ոմանք առաջարկում էին նախագահականից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, անխտիր ԲՈԼՈՐ ՀՀԿ-ականները կուրծք ծեծելով պաշտպանում էին գործող համակարգը: Օրինակ կրթության ու գիտության "փայլուն" նախարար Արմեն Աշոտյանը ջղայն, անգամ մի տեսակ նեղացած տոնով հայտարարեց, թե, մեջբերում եմ, "ոչ իշխանական ուժերը Հայաստանի բնակչությանը, ժողովրդին չհուզող հարց են բարձրացրել: Ոնց կարելի է կառավարման համակարգի փոփոխության հարցը բարձրացնել, երբ հիմա ավելի կարևոր են մեր ժողովրդի պրոբլեմները` գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, որակյալ առողջապահություն, կրթություն...": 
Ժողովուրդ, փաստորեն այս 1,5 տարվա ընթացքում Հանրապետականը հրաշք է գործել, խաբար չենք: Հիմա նույն Աշոտյանի կարծիքով արդեն չկան աղքատության, գործազրկության, արտագաղթի ու այլ կարևոր խնդիրները: Երկիրը օրեցօր ծաղկում է, տնտեսությունը զարգանում, մարդիկ երջանիկ ու անհոգ են ապրում... Իշխանությունները ժողովրդի առաջ ունեցած իրենց բոլոր պարտականությունները սրբորեն կատարեցին, հիմա էլ մեր պետությունը ոչ դարդ ունի, ոչ ցավ, ոչ էլ պատերազմի վերսկսման վտանգ կա, կարելի է արդեն սենց մանր-մունր հարցերով զբաղվել: 
2012-ին Շարմազանովն էլ, բոլոր ՀՀԿ_ականների պես, բարկանում էր, թե ինչի հանկարծ ոչ իշխանական ուժերը որոշեցին նման հարց բարձրացնել: Նա դեմքի լուրջ արտահայտությամբ օրինակ էր բերում Ամերիկաներն ու Գերմանիաները ու հայտարարում, որ "կարևորը կառավարման ձևը չի": 
Նշենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Շարմազանովն անկեղծ էր: Իրոք որ, այն ժամանակ ՀՀԿ-ականների համար կարևորը ձևը չէր, այլ միայն ու միայն այն, որ գալիք ընտրություններում վերարտադրվի Սերժ Սրագսյանը: 
Էս առումով ՀՀԿ-ականների մոտ իրոք որ բան չի փոխվել: Նրանք հիմա էլ ամեն ինչի պատրաստ են, մենակ թե Սերժ Սարգսյանը հավերժ իրենց "պապան" լինի: Դրա համար էլ առանց մի կաթիլ անգամ խղճի խայթ զգալու ու առանց ամաչելու անում են 180 աստիճանով իրենց նախորդ պնդումներին հակասող հայտարարություններ: 
Խեղճ իմ ժողովուրդ, որ այս երեսփոխանների ձեռքն ես ընկել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել