Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:
Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:
Հունգարիայի քայլի անընդունելության հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց եկեք խոսենք հայկական կողմի թերացումների մասին: Երկու կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն և անվտանգության ծառայությունները: Արդեն փաստ է, որ այս ամենի մասին գիտեին բոլորը՝ էքստրադիցիայից երկու շաբաթ առաջ: Ե՛վ Հունգարիայի հայկական համայնքն է զգուշացրել, և՛ հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Բայց այս ամենը կարծես մատնվել է անտարբերության: Խնդիրն այն է, որ հակառակը պետք է լիներ՝ մեր պետական գերատեսչությունները պետք է զգուշացնեին համայնքին, ՀԿ-ներին և մեզ՝ բոլորիս: Այսօր մենք առավել ևս համոզվում ենք, որ այն աղմուկը, որ բարձրացել է Հայաստանում, Հունգարիայի ներսում, միջազգային հանրությունում, պետք է լիներ դեպքերից առաջ: Ես ուղղակի կասկած չունեմ, որ այդ պարագայում կկասեցվեր Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան:
Ահավասիկ, ցավալին սա է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել